Սկանդալ․ Օրենքով գողը հայկական դիվանագիտական անձնագիր է ունեցել, ո՞վ է պատասխանատու


robson

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ 

-Պարո′ն Գրիգորյան, վերջերս նոր սկանդալ է տեղի ունեցել, որի շրջանակներում ակնհայտ է հայ «օրենքով գողերի» և Հայաստանի իշխանությունների հետ կապը։ Ի՞նչ կարծիք կա Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունում այս հարցի շուրջ։

-Իսկապես, սկանդալը մեծ պայթյունով է ավարտվել, և ոչ միայն ձերբակալվել են որոշ քրեական տարրեր, որոնք ունեն այսպես կոչված «ռուսաստանյան գործարարի» տիտղոս, այլև ոմանք ծագումով հայ են, նույնիսկ կապված են Հայաստանի իշխանությունների ամենավերին էշելոնների հետ։ Մեկ տարի առաջ Իսպանիայում մեծ աղմուկ բարձրացավ, որ ծագումով հայ, Իսպանիայի քաղաքացի ոմն գործարար ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով։ Միաժամանակ հայտնի էր, որ այդ գործարարը կապված է Հայաստանի բարձրագույն ներկայացուցիչների հետ։ Բոլորս հիշում ենք Չեխիայից արտաքսված ևս մեկ մականունավոր գողի՝ Զապի արկածները Չեխիայում, որի արդյունքում նա փախավ Հայաստան, և Հայաստանի իշխանությունները նրան ապաստան տվեցին։ Այնուհետև զավեշտական էր ընտրություններից առաջ այնպիսի քրեածին տարրերի գործունեության ակտիվացումը Հայաստանում, ինչպիսիք էին Էջմիածնի շրջանի գյուղերից մեկի ներկայացուցիչ և Հայաստանը փախուստով լքած, քրեական աշխարհի հետ մեծ կապեր ունեցող, իրեն «Դոն» մեծարող Պիպոն, ով ընտրություններից առաջ իր աջակցությունը հայտնեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այդ աջակցությունից շահե՞ց, թե՞ տուժեց՝ ապագան ցույց կտա։ Չեխիայում ձերբակալվել է Կարեն Կարապետյանի ստեղծած ներդրողների ակումբի անդամ հերթական գողը՝ Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը։ Այդ սկանդալը կլիներ հերթական և սովորական, եթե չպարզվեր, որ այս պարոնն ունի հայկական դիվանագիտական անձնագիր, իսկ նրա ավտոմեքենան հայկական դիվանագիտական համարանիշներ։

-Դուք կարծում եք, որ նա ուղիղ կապ ունի՞ մեր ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հետ։

-Դիվանագիտական անձնագիր ՀՀ-ում տրվում է միայն և միայն ՀՀ նախագահի համաձայնությամբ, ԱԳ նախարարի միջնորդությամբ։ Նալբանդյանի անունը մենք հիշում ենք «միջազգային տուրիստի» տիտղոսի հետ և զարմացած ենք, որ Նալբանդյանն աչքերը փակում է և′ իր առևտրական դեսպանների անվան հետ կապված սկանդալների նկատմամբ, և′ պարզվում է՝ նաև արհամարհում է դիվանագիտական անձնագրի տրման կանոնակարգը։ Անկասկած մեղքի իր մեծ բաժինն ունի նաև առևտրով զբաղվող և դիվանագիտության հետ որևէ աղերս չունեցող՝ Պրահայում ՀՀ դեսպանը, ում գործունեության շրջանակներում կարող ենք հանդիպել բազմաթիվ բիզնես գործունեության, որը կապ չունի Հայաստանի շահերի հետ։ Կարծում ենք, որ այս անգամ Էդուարդ Նալբանդյանը ստիպված է լինելու պատասխանել, թե ի՞նչ իրավունքով է նա Նախագահի հետ միասին վարկաբեկում մեր դիվանագիտությունը՝ այն էլ պատերազմական վիճակում գտնվող երկրի պայմաններում։ Ինչպե՞ս մենք կարող ենք կլոր սեղանի շուրջ նստել Ադրբեջանի նախագահի և ԱԳ նախարարի հետ, երբ այս էլ որերորդ միջազգային սկանդալն է պայթում մեր դիվանագիտական սխալների հետևանքով։ Ես համարում եմ երկրի նկատմամբ պետական հանցագործություն, երբ Հայաստանի օրենքով գողերի կապերը սկսվում և ավարտվում են Հայաստանի նախագահի և կառավարության ղեկավարի անվան հետ։

-Դուք կարծում եք, որ այս անգամ ՀՀ նոր վարչապետը և՞ս պատասխանատու է այս սկանդալի համար։

-Անկասկած, այս անգամ պետք է պատասխան պահանջել նաև ռուսահայ ներդրողների ակումբի հեղինակ, վարչապետ Կարեն Կարապետյանից։ Նա պետք է բավարար բացատրություն տա, թե ի՞նչ իրավունքով է վայելում հայ գողերի և քրեաօլիգարխիկ գործարարների հովանավորությունը և ի՞նչ է մտածում նրանց գործունեությունը Հայաստանում ակտիվացնելով։ Ցանկացած հետխորհրդային երկրների վարչապետեր և նախագահներ սկսում են իրենց գործունեությունը երկիրը քրեաօլիգարխիկ տարրերից ազատվելով։ Օրինակ՝ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին փայլուն ղեկավար լինելուց հեռու էր, սակայն նա կատարեց մի հսկայական գործ՝ Վրաստանն ազատվելով օրենքով գողերից։ Անհնարին է երկրում զարգացումներ սպասել, եթե երկրի իշխանությունները կապված են քրեական տարրերի հետ։ Այնպես որ՝ մենք պահանջում ենք և ՀՀ նախագահից և վարչապետից հստակ բացատրություններ տալ, թե ի՞նչ նպատակով են նրանք համագործակցում համաշխարհային չարիքի և քաղցկեղի պալար դարձած «օրենքով գողերի» հետ, որոնց ուղղակի ոչնչացնում են Եվրամիության երկրներում և պայքարում այնպես, ինչպես իսլամիստ ծայրահեղականների դեմ։