«Էստեղ եմ, որովհետև դուք եք էստեղ». Տիգրան Համասյանը հերթական անգամ փայլեց Երևանում (լուսանկարներ)


hamasyan

Մայիսի 7-ն է՝ երեկոն: Երևանն է: Արամ Խաչատրյան մեծ համերգասրահը կրկին մարդաշատ է ջազասերներով: Այս ժանրում նվագող՝ աշխարհում, հավանաբար, ամենահայտնի հայն է նվագելու: Տիգրան Համասյանը: Միայնակ է:

tigran hamasyan5

Մենահամերգի մեկնարկը տրվում է նրա վերջին՝ “An Ancient Observer” («Անտիկ դիտորդը») ալբոմի “Fides Tua” ստեղծագործությամբ: Հետո ևս մեկ ստեղծագործություն է նվագում՝  “The Cave of Rebirth”-ը ու ողջունում ներկաներին: Շնորհակալություն է հայտնում նրանց ներկայության համար. «Ես էստեղ եմ, որովհետև դուք եք էստեղ: Շնորհակալ եմ»,- ասում է ու ներկայացնում ալբոմի հաջորդ գործը՝ “Etude No. 1”-ը:

tigran hamasyan1

Նվագում է նաև մեկ այլ՝ պոլսահայ բանաստեղծ Զահրատի «Մարկոս և Մարկոս» բանաստեղծության ազդեցությամբ գրված “Markos and Markos” ստեղծագործությունը, ապա պատմում Egyptian Poet-ի ստեղծման պատմությունն ու նվագում այն:  Վերնիսաժով անցնելիս շուրջ 20 գիրք է գնել՝ 5000 դրամով ու դրանցից մեկում առկա ստեղծագործություններից մեկն էլ ոգեշնչել է գրել այս գործը:

tigran hamasyan4

Մինչ բեմից հեռանալը, Համասյանը տեղեկացնում է՝ նվագելու է Եղիշե Չարեցին նվիրված “Nairian Odyssey”-ն ու հեռանա բեմից ու եթե ծափեր չլինեն, չի վերադառնալու. «Ես հո աներես չե՞մ»,- գյումրեցուն բնորոշ հումորով ասում է նա ու անում ասածը:

tigran hamasyan3

Դահլիճը Համասյանին ոտնկայս ծափահարում է ու ճանապարհում կուլիսներ: Հետո ներկաների ծափերը միայն երեք ստեղծագործության համար են «հերիքում»:

tigran hamasyan

Նախ հնչում է դաշնակահարի գեղեցկագույն ստեղծագործություններից մեկը՝  “Lilac”-ը: Ապա նորից նա հեռանում է բեմից, կրկին վերադառնում ու այս  կատարումն էլ նվիրում 1988-ի երկրաշարժը վերապրած իր սերնդակիցներին: Քայլերը նրան կրկին տանում են կուլիսներ, իսկ ծափերը՝ նորից բեմ վերադարձնում: Դահլիճից հնչում են երաժիշտի հայտնի ստեղծագործությունների անուններ՝  խնդրանք-պահանջի նմանողությամբ: “Mother Where Are You”. ընտրությունը կանգ է առնում այս ստեղծագործության վրա ու մի տեսակ «կիսատ» ավարտվում է համերգը ու ամենևին էլ ոչ այն պատճառով, որ համերգային ծրագիրն է ավարտվում կամ այսօր ևս համերգ է նախատեսված:

Պարզապես Տիգրան Համասյանի՝ գոնե երևանյան համերգներն այսպես չեն ավարտվում…

tigran hamasyan2

Լուսանկարները՝ PAN Photo