«Պարո′ն վարչապետ, խնդրում ենք զգույշ իրականացրեք նախատեսվող ծրագիրը, որ հանկարծ Գյումրին չկորցնենք». երևանցի մեծահարուստ լավ տղեքի խնդրանքը


paron varchapet zguyshexeq gyumirin chveracneq yerevanc gorcararner varchapet karen karapetyan 1

Հունվարի 28-ին Գյումրի է այցելելու վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախատեսվում է հանդիպում գյումրեցի գործարարների հետ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս մասին տեղեկացրեց գործարարներին՝ հորդորելով քաղաքի ու բիզնեսի զարգացման տարբեր հարցեր մշակել ու իրատեսական ծրագրեր ներկայացնել վարչապետին. «Վարչապետի մոտ կարող եք հարցեր բարձրացրել՝ ինչպե՞ս բիզնեսը զարգացնել Գյումրիում, առաջարկեք ձեր ծրագրերը՝ վարկերի մասին, ի՞նչ օրենք է խանգարում»:

Քաղաքապետը նաև ոգևորեց գործարարաներին՝ նշելով, որ վարչապետն ինքն է անձամբ ուզել ներդրում կատարել:

«Պատկերացրեք, որ լուրջ ներդրում կկատարվի քաղաքի վրա, նույնիսկ անձամբ վարչապետն ինքն է ուզում ներդրում կատարել, Ռուբեն Վարդանյանը՝ նույնպես: Հիմնադրամ է ստեղծվելու, հիմնադրամն ունի իր պայմանները: Պետք է կարողանանք օգնել գործարարներին ու նրանց օգնությամբ վերականգնենք քաղաքն ու փողոցները: Առաջնահերթ դրված է Շիրազի և Ռուսթավելիի փողոցների վերականգնումը, որը Կումայրի արգելոց թանգարանի տարածքում է գտնվում»,- մանրամասնեց Բալասանյանը:

Վերջերս վարչապետի հետ էին հանդիպել Շիրակի մարզպետն ու քաղաքապետը: Ներդրումային ծրագրերից բացի, Կ. Կարապետյանը հիմնականում հանձնարարել է մտածել, թե ինչպես կարելի է Գյումրիում տուրիզմը զարգացնել ու հին քաղաքը պահպանել: Եթե հին Երևանի շատ շինություններ արդեն գոյություն չունեն, Գյումրիում դեռ պահպանվում է մի մեծ թաղամաս, որտեղ ամեն մի շինություն իր պատմությունն ու յուրօրինակ ճարտարապետությունն ունի, որն, անշուշտ, կհետաքրքրի զբոսաշրջիկներին:

NEWSPRESS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում Գյումրիի քաղաքապետը նշել է, որ «Կումայրի» արգելոց թանգարանում պատմաճարտարապետական արժեք ներկայացնող 1200 հնագույն շենք կա: Շիրակի մարզի արդյունաբերողների միության նախագահ և «Տավրոս» ԲԲԸ հիմնադիր Կարապետ Մովսիսյան էլ հորդորեց բոլորին լուրջ պատրաստվել ու իրական ծրագրեր ներկայացնել Կարեն Կարապետյանին. «Կուզենայի, որ մենք բոլորս առաջարկներ ներկայացնենք վարչապետին, թե ինչպիսին կուզենք տեսնել Գյումրին, ինչ ստեղծվի Գյումրիի համար կառավարության կողմից, իշխանությունների կողմից, որպեսզի ավելի լավ զարգանա մեր բիզնեսը ու շուտ կայանա քաղաքի զարգացման ցանկացած ծրագիր: Երևանից բիզնեսմեններ կային, մեծահարուստ լավ տղեք, որոնք ցավով ասում էին՝ պարո′ն վարչապետ, խնդրում ենք զգույշ իրականացրեք նախատեսվող ծրագիրը, որ հանկարծ Գյումրին չկորցնենք: Այսինքն` հին շինություն, հին պատմություն մարդիկ տեսնում են, որ միայն Գյումրիում կա, ու բոլորն ուզում են, որ Գյումրին պաշտպանվի»:

Սամվել Բալասանյանն էլ նախանձով ներկայացրեց հարևան երկրի զբոսաշրջության տվյալները. «2016 թվականին, ըստ վիճակագրական տվյալների, Վրաստանը մոտ 6 միլիոն տուրիստ է ունեցել, որից 1,4 միլիոնը եղել են Հայաստանից, պատկերացրեք` ինչ թիվ եմ ասում: Առաջին տեղը զբաղեցրել են ռուսները, երկրորդ տեղը՝ թուրքերը, ադրբեջանցիները, պարսիկները և այլն, և այլն… Դուք պատկերացրեք, եթե մեր քաղաք այցելի 100-200 հազար տուրիստ: Մենք չունենք ենթակառուցվածքներ, հյուրանոցներ… Հիմա ճիշտ է՝ բացում են հյուրանոցներ, բայց էնքան քիչ են էդ հյուրանոցները, որ պետք է տնակային սիստեմի հյուրանոցներ կառուցվեն: Եթե մենք միջավայր ստեղծենք, տուրընկերությունն ինչ ասաց, տուրիստն այնպես էլ կանի, աչքերը փակ մարդ է, բայց նա գովազդող մարդ է, գնա, կասի, թե ինչ էժան քաղաք գնացի, ինչ լավ հյուրասիրություն կար»: