Օրը չէ, թող շոգերն անցնեն․ Սերժ Սարգսյանն Աղձքում շնորհավորեց Սահմանադրության օրը (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 5-ին այցելել է Արագածոտնի մարզի Աղձք համայնք՝ գտնվող հայոց արքաների միակ պահպանված դամբարան: Նրան ուղեկցում են մի շարք հանրապետականներ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով այցին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատմաճարտարապետական այս համալիր հանրապետականների այցը այս տարի համընկել է ՀՀ պետական նշանակալի տոներից մեկի` Սահմանադրության օրվա հետ եւ խորհրդանշում է քաղաքական ուժի անվերապահ հավատարմությունը պետականությանն ու Մայր օրենքի տառին և ոգուն»։
ՀՀԿ-ակաները նկատում են, որ ամեն տարի լինում են Աղձքում, պարզապես այս անգամ այցը համընկավ Սահմանադրության օրվա հետ։
Լրագրողնրի հետ զրույցում էլ Սերժ Սարգսյանը կրկին չանդրադարձավ քաղաքական անցուդարձին․ «Օրը չէ՝ թող շոգերը անցնի, նոր»,- ասաց նա։
Սահմանադրության օրվա հետ կապված էլ, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ երրորդ նախագահը նախ շնորհավորեց բոլորին, ապա նկատեց․ «Բոլորիդ մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը՝ անկախ նրանից լա՞վ եք համարում, թե՞ վատ։ Գիտեք՝ մեզնում կան հիմա գիտունիկներ, ովքեր իրավաբանի տեղ են իրենց դնում և փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել, ինչ կա, մեզ համար պարտադիր օրենք է»,- ասաց Սերժ Սարգսյանը։