Հույս ունեի՝ դատավորները կհրաժարվեին իրենց գործից. Փաշինյանի համար անցումային արդարադատությունը կենսական անհրաժեշտություն է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասաց, թե ինչու են քաղաքացիները փակել դատարանների մուտքերը:
Պարզվում է, ըստ Փաշինյանի, ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում ու իրականացվում ժողովրդի դեմ։ Ու հիմա, քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել:
«Անկախ ամեն ինչից, ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար, և սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլևս ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, որն իրավունք ունի խոսել ժողովրդի անունից»,- ասաց նա։
Նրա խոսքով` դատական իշխանության գործունեությունը պարբերաբար ալեկոծություն է առաջացնում հանրության շրջանում։ Նա նշեց, որ չի կարող և չի ուզում դատողություններ անել կայացվող որոշումների հիմնավորվածության մասին, քանի որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում։ Չնայած, մյուս կողմից, ըստ նրա` անհնար է դատարանի բոլոր որոշումները նույն արշինով չափել ու նույն գնահատականը տալ։
«Որքանով կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել մարտի 1–ի գործով այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել դատական գործող համակարգի միջոցով։ Սա երևում է ՄԻԵԴ–ի որոշումներով։ Հույս ունեի, որ մի շարք դատավորներ կհրաժարվեին իրենց գործից, որոնց նախկին գործելաոճն ու նոր Հայաստանի ձգտումներն անհամապատասխան են»,- ասաց նա։
Նա տեղեկացրեց նաև, որ ավելի ուշ՝ ֆեյսբուքյան իր էջով կդիմի դատարանի մուտքը փակող քաղաքացիներին: