Հայկ Մարությանը վերելակներ կծախի երևանցիների վրա
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից առաջ քաղաքապետի միակ և անփոխարինելի թեկնածու Հայկ Մարությանը երևանցիներին խոստանում էր ազատել նրանց մահվան վերելակներից և գազելներից, խոստանում է մաքուր Երևան, բայց թե ինչ ստացավ երևանցին Նիկոլ Փաշինյանին ձայն տալով Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու արդյունքում, հայտնի է յուրաքանչյուր երևանցու:
Երևանն, ինչպես Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց առաջ, այնպես էլ հետո, թաթախված է աղբի մեջ: Քաղաքը վերածվել է մի մեծ աղբակույտի: Չկա փողոց ու մայթ, որտեղով անցնելիս աղբակույտերի ականատես չլինենք:
Երևանում ինչպես Հայկ Մարությանից առաջ, այնպես էլ հետո, հասարակական տրանսպորտի անփոխարինելի միջոցը շարունակում է մնալ գազելը և հոգ չէ, որ երևանցիների տված հարկերով արտասահմանյան կազմակերպությանը վճարվել էր 800 միլիոն եվրո գումար՝ տրանսպորտային նոր քարտեզ մշակելու համար.Հայկ Մարությանը եկավ ու այդ նախագիծն առ ոչինչ համարեց՝ խոստանալով բոլորովին նոր բան, որի անունը կա՝ ամանումը՝ ոչ:
Հայկ Մարությանը խոստացավ նաև, որ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերը կազատի մահվան վերելակներից:
Այս խոստումը տալուց առաջ Մարությանն, ինչպես տված բոլոր խոստումներում, իր կարողությունները հաշվի չէր առել:
Այսօր Վարդանյան ընտանիքի միջոցներով բացված այգու բացմանը Մարությանը տարել-բերել ու մի աշխարհացունց նորություն է հայտնել իրեն հարցեր ուղղող լրագրողներին: Հարցին, որ երեկ երևանյան բազմաբնակարան շենքերից մեկի վերելակի ճոպանը կտրվել է, իսկ ո՞ւր մնացին իր խոստումները, Մարությանը պատասխանել է, որ մահվան վերելակներից ազատվելու համար միլիոններ են պետք, ինչը Երևանի բյուջեն չունի, հետևաբար, այդ վերելակներից կարող են ազատվել երևանցիների օգնությամբ:
Հայկ Մարությանն առաջարկում է՝ վերելակը տեղադրի քաղաքապետարանը՝ դրա դիմաց վճարեն շենքի բնակիչները, ասել է թե՝ վերելակը վաճառենք շենքի բնակիչների վրա, որովհետև այն մնալու է բնակիչներին:
Նույն տրամաբանությամբ Հայկ Մարությանը կարող է վաղը քաղաքացիներին անել հետևյալ առաջարկը՝ ասֆալտը փռենք մենք, վճարեք դուք, որովհետև դուք եք այն շահագործում: Ինչ խոսք. Մարությանի այս առաջարկը թողնում ենք առանց մեկնաբանության և երևանցիներին առաջարկում՝ եղունգ ունեք, գլուխներդ քորեք, կարգին Հայկոն ձեր հոգսը հոգալ ի վիճակի չէ:
NEWSPRESS.am