Պարոն վարչապետ, դու հանգիստ նստիր տեղդ, մենք բոլոր արագաչափերը կփակենք. բողոքի ակցիա՝ Երևանում (տեսանյութեր)
Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ ցուցադրել է, թե ինչպես են մի քանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկարով և Քաղաքացու օր գրությամբ պաստառներով, կպչուն ժապավենների միջոցով, փակում արագաչափերը:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք ներկայացնում են «Արդարություն և զարգացում» քաղաքացիական նախաձեռնությունը և կատարում հիշեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես էր հեղափոխական շրջանում ինքը փակում արագաչափերը:
Նրանց խոսքով՝ արագաչափերը բնակչության ապօրինի թալանի համար են:
«Մենք հիշեցնում ենք պարոն վարչապետին, որ պարո՛ն վարչապետ, կատարեք ձեր խոստումները, եթե թալան եք համարել սա, ապա ներկա պահին ո՞ւմ է ուղղված այդ թալանը»,- հարցնում է ակցիայի մասնակիցը:
Ակցիայի մասնակից Իրինա Հարությունյանն ինքը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը փակում էր արագաչափերը և ասում, որ արագաչափեր այլևս չեն լինելու, արագաչափերը հանվելու են:
«Անցավ մի տարի, արագաչափերը դեռ տեղում են: Պարոն Փաշինյան, մենք հասկանում ենք՝ խոստում էր՝ տվել ես, մի բան էր՝ ասել ես, հո կրակը չե՞ս ընկել: Դրա համար այսօր՝ Քաղաքացու օրվա կապակցությամբ, մենք՝ քաղաքացիներս, որոշեցինք դրսևորել քաղաքացիական կամք և օգնել պարոն վարչապետին իրականացնելու իր խոստումները: Պարոն վարչապետ, դու հանգիստ նստիր տեղդ, մենք բոլոր արագաչափերը կփակենք: Սերդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա»,- նշել է Հարությունյանը: