Մենք գիտենք ցեղասպանության գինը և պարտավոր ենք արդարությունը վերականգնել. ԱԳ նախարար
«Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է ՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու»: Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա ընդգծեց, որ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:
ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ցեղասպանությունների կանխարգելման 3-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, դեկտեմբերի 9-ը Հայաստանի նախաձեռնությամբ հռչակվեց Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
«Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, զարգացնում է իրավական հիմքերը՝ ուղղված միջազգային կանխարգելման գործընթացին: Այս գործընթացը երբևէ կանգ չի առնում: Մենք գիտենք ցեղասպանության գինը և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար: Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը: