ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց. Միհրան Պողոսյանը ձերբակալվել է
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհաջանյանը հաստատել է, որ Ռուսաստանում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Ըստ նրա` ներկայումս ընթացքի մեջ է Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Միհրան Պողոսյան: