Մենք ունենք ավելի վատ տնտեսական վիճակ, ժողովուրդն ավելի վատ է ապրում. Շարմազանովը տվյալներ է ներկայացնում
Մենք ունենք սուտ քաղաքականություն և ֆեյք կառավարություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինանի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ի՞նչ էր ասում Փաշինյանը. Փաշինյանն ասում էր, որ ինքն ունի կախարդական փայտիկ ու այդ կախարդական փայտիկով լինելու են շատ լուրջ փոփոխություններ, որ լինելու է թռիչքային զարգացում: Թռիչքային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն երկնիշ տնտեսական աճ: Այնուհետև նա արդեն Ամանորից հետո շրջանառության մեջ դրեց տնտեական հեղափոխություն տերմինը: Նախ, տնտեսական հեղափոխություն տերմինն ինքը արդեն բլեֆ է. նման բան չի կարող լինել, որովհետև տնտեսությունն էվոլյուցիոն համակարգ Է»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ նախկին փոխխոսնակը թվեր ներկայացրեց ներդրումների վերաբերյալ. 2017-ին եղել է 429 մլրդ դրամի ներդրում, 2018-ին արդեն՝ 422՝ 7 մլրդ-ով պակաս՝ գումարած դրան, որ 4 ամիսն էլ իրենք են աշխատել:
«Ինչպիսի՞ թռիչքային զարգացում կարող է լինել, եթե աշխատատեղերը փակվում են, եթե բյուջեում գրված է 4,9 տնտեսական աճ, եթե մարդիկ խոսում են 50 հազար աշխատատեղերից, բայց իրականում չկա այդ 50 հազար աշխատատատեղը: Հարկեր-ՀՆԱ-ն ոչ թե ավելացել է, այլ պակասել, իսկ եթե հարկեր/ՀՆԱ-ն պակասում է, ավելանում է ստվերը: Սրանք դասագրքային ճշմարտություններ են: Այսինքն՝ տնտեսության մեջ մենք ունենք չկատարված խոստումներ, մենք ունենք ավելի վատ տնտեսական վիճակ, ժողովուրդն ավելի վատ է ապրում, ներդրումները պակասել են և չկա որևէ լուրջ ներդրումային ծրագիր»,- հարցրեց նախկին պատգամավորը:
Նա նշեց նաև, որ այն բոլոր հիմնարկեքները, որոնք անում է Փաշինյանը կամ նրա իշխանությունը, դա դեռևս արվել է նախկին իշխանության օրոք:
«Այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ: Նրա տնտեսական օրակարգը 0 է»,- ամփոփեց խոսքը ՀՀԿ խոսնակը: