Լսի՛ր, այ ջահել, այ հիմա դու ինձ համար Դուք չես. զոհված հերոսի մայրը՝ պատգամավորին (լուսանկարներ)
2016 թվականի հունվարի 9-ին` թշնամու գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի և «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի միջև տեղի ունեցած լեզվակռվին: «Դու չի, Դուք ա»,- ասել էր Հայրապետյանը և նաև նշել, որ Ազգային ժողովում գտնվողները, իր կարծիքով, ապացուցել են, որ «դուխ» ունեն:
Անուշ Հակոբյանը գրել է.
«Լսի՛ր, այ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես: Ասում ես՝ շատ դուխով տղա ես, հա՞... բա մեկը հարցնող լինի՝ ինչո՞ւ չես ծառայել: Բա բարձրացիր Արցախի դիրքեր, կանգնի՛ր առաջնագծում, գիշերվա ժամը 2-ից մինչև 6-ը, թշնամուց ընդամենը 50 մ հեռավորության վրա՛ քո ասա՛ծ «ԴՈՒԽՈՎ» պաշտպանի՛ր հայրենիքի պետական սահմանները, որ քո նման դասալիքները չփորձեն կասկածել քո՛ առնական ու հայրենատե՛նչ «դուխ»-ի վրա:
ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ...»:
Հիշեցնենք, որ Հակոբյանի որդին՝ Արամայիս Ոսկանյանը 2016-ի ապրիլի 9-ին, իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան և գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ և միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ և 2 զոհ տալով հետ շպրտվել:
Արամայիս Ոսկանյանը ԼՂՀ և ՀՀ նախագահների կողմից պարգևատրվել է «Արիության» մեդալով: