Ինչու Զոհրաբյանն այսօր հասցրեց վճռորոշ հարվածը
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր պատռեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դիմակը՝ նրանց ցույց տալով իրենց իսկ տեղը։
Մինչ Փաշինյանի վարկանիշի շնորհիվ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն հասած պատգամավոր Համազասպ Դանիելյանն ԱԺ ամբիոնից դուխով ելույթ էր ունենում ու ծաղրում խորհրդարանական ընդդիմությանը, կամ ինչպես ինքն է ասում՝ իրենց ինչ-որ բանի տեղ դրած ֆրակցիաներին, դեմքի անլուրջ արտահայտությամբ հարցնում՝ արդյոք ընդդիմադիր պատգամավորները լո՞ւրջ են իրենց հարցադրումների և ելույթների մեջ, Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շտապում է պատռել իրականությունը քայլարած պատգամավորների համար՝ ընդգծելով, որ առանց Փաշինյանի վարկանիշի՝ պարզապես ոչինչ են։
Ի պատասխան Համազասպ Դանիելյանի ցինիկ ելույթի, որը նա կարող էր ունենալ իրենց բակում, բայց ոչ երբեք խորհրդարանում, Զոհրաբյանը հիշեցրեց, որ պետք է մի փոքր զուսպ լինել և չունենալ այդքան կարճ հիշողություն, ինչով տառապում են քաղաքական մեծամասնության պատգամավորները։
Զոհրաբյանը Համազասպ Դանիելյանի միջոցով իրենց իսկ տեղերում «շարեց» «Իմ քայլ»-ի պատգամավորների մեծամասնությանը։
Նա իր այս անկեղծությամբ մերկացրեց Փաշինյանի քաղաքական թիմի ողջ թշվառությունը՝ ըստ էության պատասխանելով նաև Նիկոլ Փաշինյանին՝ տրանսգենդերին պաշտպանելու և իր պաշտոնավարումն ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկման և կասկածի տակ դնելու համար։
Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում ցույց տվեց, որ եթե քաղաքական մեծամասնությունը կարող է հանուն տրանսգենդերի էժանագին մանիպուլյացիաների դիմել, ապա ինքը կարող է դրան պատասխանել իրական ապտակով՝ առանց մանիպուլյացիաների։
Եթե քաղաքական մեծամասնության պատգամավորները կարող են Ազգային ժողովի միջանցքներում բամբասանքի մակարդակում քննադատել Զոհրաբյանի գործելաոճը՝ դարձյալ տրանսգենդերի շահերի պաշտպանության տեսանկյունից, ապա այսօր կին պատգամավորը ցույց տվեց, որ ի տարբերություն նրանց՝ պատրաստ է ճշմարտությունը տալ այս պատգամավոր կոչվածների երեսին և հորդորել՝ երբեք չմոռանալ՝ որտեղից են գալիս ու ուր են գնում։
2019 թվականի դեկտեմբերի 9-ից հետո իշխող քաղաքական մեծամասնության պատգամավորները, հավանաբար, այս լրջագույն սայթաքումից էլ դասեր չեն քաղի․ արդեն իսկ հստակ է, որ Փաշինյանը ևս մեկ փակ նիստ անցկացնելու խնդիր է ունենալու․ հիշեցնենք, որ վերջին փակ նիստի ընթացքում նա քայլարածներին ասել էր, որ չգիտի՝ նրան խոսելն է ճիշտ, թե լռելն առհասարակ։
Կլռեցնի՞ արդյոք Փաշինյանն իր վարկանիշն օր օրի զրոյացնող իր թիմին, կերևա մոտ ապագայում, իսկ մինչ այդ փաստենք, որ Զոհրաբյանի այսօրվա ապտակն ուղղված էր հենց վարչապետին՝ էժանագին փիառներին տրվելու և թացն ու չորն իրարից չտարբերակելու համար։