Ծառուկյանը փորձառու քաղաքական գործիչ է․ Ալեն Սիմոնյանը՝ «Առինջ Մոլ»-ի ստուգումների ու Ծառուկյանի քննադատության մասին
«Առինջ Մոլ»-ի ստուգումներն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը միմյանց հետ կապ չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Նա չի ընդունում դիտարկումը, թե այդ ստուգումներն սկսվեցին Գագիկ Ծառուկյանի քննադատություններից հետո, և հնարավոր է քաղաքական որոշում կամ քաղաքական արձագանք լինի։
«Արդեն շատ ժամանակ է անցել, և կարող եք համոզվել, որ մեր իշխանության գործելաոճի մեջ նման քայեր չկան։ Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապելն անտեղի է»,- ասաց Սիմոնյանը։
Բացի այդ, նա նկատեց, որ ՊԵԿ համապատասխան վարչությունը մեկ օրում այս կամ այն տեղում ստուգումներ իրականացնելու որոշում չի կայացնում։
«Պարոն Ծառուկյանը փորձառու քաղաքական գործիչ է՝ ասել է, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի գնանք, ստուգենք, տեսնենք՝ ինչ կա: Եթե բան կա, ստուգվելու է՝ անկախ նրանից պարոն Ծառուկյանը լավ բան կասի, թե վատ: Եթե բան չկա, անկախ նրանից՝ պարոն Ծառուկյանը վատ բան կասի, թե վատ բան չի ասի, որևէ մեկը նրան չի անհանգստացնի»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ինքը դժգոհ չէ վարչապետի աշխատանքից, դժգոհ է նրա թիմի աշխատանքից: