Կամ լավը, կամ՝ ոչինչ․ քննադատություն չի՛ հանդուրժվելու
ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության և կեղծ օգտատերերի դեմ:
Վարչապետը ԱԱԾ տնօրենին հրահանգեց նաև արդյունքներ ապահովել։
Թե ինչպես է ԱԱԾ տնօրենն ապահովելու այդ արդյունքները, սա արդեն հարց է, չէ՞ որ ֆեյք պահելը կամ տեղեկատվություն տարածելը քրեորեն պատժելի արարք չէ, իսկ թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայությունը զատելու տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը, դա ևս օդում կախված է մնում։
Վարչապետի այս հրահանգը խոսքի ազատության դեմ քայլ է դիտարկվում, որովհետև պարզից էլ պարզ է, որ վարչապետ Փաշինյանն իր վարկանիշի անկմանը զուգընթաց, փորձում է ճնշում բանեցնել այդ մասին բարձրաձայնողի ուժի՝ 4-րդ իշխանության վրա, կամ ասել է թե՝ Փաշինյաննը որդեգրել է մեկ սկզբունք՝ իր և իր քաղաքական թիմի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ։
Կառավարությանը դուր չի գալիս որևէ քննադատություն իր հասցեին, նրանք անհանդուրժող են դարձել իրենց թերացումները մատնացույց անողների նկատմամբ, իսկ այսօրվա իջեցված հրահանգը պարզապես դրա ապացույցն է․ փաստորեն, ֆեյքերն ու ապատեղեկատվությունը Փաշինյանն ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ է համարում, ուստի ԱԱԾ տնօրենը պետք է դա կանխելու համար հրատապ քայլեր ձեռնարկի։
Ակնհայտ է, որ վարչապետի հայտարարությունը փորձ է՝ վերահսկողություն սահմանել լրատվամիջոցների նկատմամբ, քանի որ յուրաքանչյուր կառավարություն էլ ձգտում է վերահսկել տեղեկատվական բոլոր հոսքերը։
Չի բացառվում, որ այդ տեղեկատվական հոսքերը կառավարելու համար նաև հերթը հասնի լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրների կառավարմանը՝ ինչը ամենակարճ ճանապարհն է որևէ լրատվամիջոցի լռեցնելու և ոչնչացնելու համար։
Ստացվում է՝ մի դեպքում մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, մյուս դեպքում՝ խեղդում խոսքի ազատության ու մարդկանց՝ ազատ արտահայտվելու իրավունքը։
Եվ սա կատարվում է նոր Հայաստանում։
NEWSPRESS.am