Երևանի հաջողված փորձը կարևոր է և անհրաժեշտ Ստեփանակերտի համար. Ստեփանակերտի փոխքաղաքապետ (ֆոտո)
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը հանդիպել է Երևանում աշխատանքային այցով գտնվող Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի և փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են հայկական երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին, նախանշել 2019 թվականի անելիքները: Ընդգծելով քաղաքային իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը Արցախ աշխարհի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ՝ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ սերտ համագործակցությունը երկու մայրաքաղաքների միջև պետք է լինի շարունակական՝ ընդգրկելով նոր ուղղություններ և ոլորտներ:
«Մենք, իսկապես պատիվ ունենք մեր լուման ներդնել Արցախի մայրաքաղաքի զարգացման գործում: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը՝ Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ»,- նշել է Երևանի փոխքաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Սուրեն Թամրազյանը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի հաջողված փորձը կարևոր է և անհրաժեշտ Ստեփանակերտի համար:
Երկու մայրաքաղաքների գործընկերներն արծարծել են նաև մայիս ամսին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցի կազմակերպմանն ու նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: