Տիկին խաղաղասեր Հակոբյան, Կարեն Ղազարյանի դատապարտումը ոսկորի նման կանգնելու է ձեր կոկորդին. Արիանա Հովսեփյան
Ուշի ուշով սպասում եմ, թե երբ պետք է արձագանքեք մեր քաղաքացուն՝ Կարեն Ղազարյանին՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտելուն:
Սպասում եմ, բայց այդպես էլ արձագանք չի լսվում:
Հիշո՞ւմ եք՝ երկրի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խաղաղության ուղերձ էր հղում հայ և ադրբեջանցի մայրերին, հուզառատ տեքստեր էր կարդում, փամփուշտներից վզնոցներ էր կախում, երևի այդ ժամանակ սորոսական ծրագրերի մեջ էր այդպես մտնում՝ վերացական, ապրիորի հայտարարություններ, միակողմանի խաղաղության կոչ, ուրիշ ոչինչ:
Իսկ այսօր եկել է իրական պահը, որ պետք է երկրի բարձր իշխանություներից սկսած՝ մինչև յուրաքանչյուր քաղաքացի, պայքարի իր ազգակցի ազատության համար: Այս քար լռությունը, Աննա Հակոբյանի պապանձված բերանը թույլ են տալիս մտածելու, որ այլևս ձեռք չի տալիս այս իշխանություններին խոսել Ադրբեջանի դեմ, նրանցից պարզելու, թե ինչպե՞ս են պատահաբար սահմանը հատած ՀՀ քաղաքացուն դատապարտում սպանության, ահաբեկչության և նմանատիպ մի շարք այլ հոդվածներով:
Աննա Հակոբյա՛ն, օր ու գիշեր գործարարների դնչից բռնում եք ձեր հիմնադրամները լցնելու համար, վոյաժներից աչք չեք բացում, մարդ ու կին մի երկրից մյուսն եք թռնում, իսկ թե ինչ է կատարվում ձեր երկրում, անհաղորդ եք մնում:
Այն նույն ժամանակ, երբ իր երկրի քաղաքացուն թշնամական երկրում 20 տարվա դաժան պատիժ են տալիս, Ձեր ամուսինն Իրանում սելֆի է անում, Ֆեյսբուքում դնում, ասում՝ լայքեք, իսկ Դուք ծափահարում եք նրան:
Խոսում էիք մոր, կնոջ անունից, իսկ ո՞ւր մնացին Ձեր մայրական զգացմունքները, թե՞ ձեր տղան բանակում այնքան ապահով է, որ աչք եք փակում մյուսների երեխաների դժվարությունների վրա:
Կարեն Ղազարյանի դատապարտումը ոսկորի նման կանգնած է լինելու ձեր կոկորդին, ազգը ձեզ չի ներելու նման անգործության պատճառով:
Այսպիսի՞ն էր ձեր պատկերացրած խաղաղությունը, միակողմանի խաղաղություն եք մեզ պարտադրում:
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն