Ցմահ դատապարտյալների համար նախատեսվում է ներդնել մինչև 6 ամիս արձակուրդ սահմանելու մեխանիզմ
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նկատեց, որ մտադիր են աստիճանաբար տեղափոխել ցմահ և առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտված դատապարտյալներին։
«Ցմահ դատապարտյալները և առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտված անձինք, ովքեր խիստ ռեժիմում են իրենց պատիժը կրում, արգելված է այլ դատապարտյալների հետ պահել, բայց մտադիր ենք աստիճանաբար տեղափոխել այդ դատապարտյալներին, որ մի ՔԿՀ-ում չլինեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու հարցին, արդարադատության նախարարն ընդգծեց, որ կա ներման հանձնաժողով, որը խորհրդակցական մարմին է, տալիս է որոշում՝ ներելու- չներելու, դա քննարկում է վարչապետը, կազմում է նախագիծ և ներկայացնում նախագահին։
«Սա միանձնյա, բացարձակ հայեցողություն է, և մենք չենք կարող միջամտել»,- ասաց Զեյնալյանը:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակչության թվի հաշվարկով, Հայաստանում չափազանց շատ ցմահ դատապարտյալ կա։
«Մարդիկ կան, որ 27 տարի իրենց պատիժը կրում են խիստ ռեժիմով, և հիմա նախատեսում ենք, որ նրանք կարողանան իրենց վարքագծով արժանանալ ռեժիմի փոփոխության, ընդհուպ մինչև բաց ռեժիմ, նաև կարճատև ու երկարատև արձակուրդ սահմանել՝ մինչև վեց ամիս, սա մեխանիզմ է, որ ներդնելու ենք, հասկանալու՝ որքանով են հասարակական հարաբերություններն ընդունում, որքանով են ուղղվել»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Արտակ Զեյնալյանը նկատում է, որ պայմանական ազատ արձակման համար պարտադիր պայմաններից է դատապարտյալի զբաղվածության հարցը։