Կրճատվողների աշխատավարձի հաշվին կհրավիրվեն որակյալ մասնագետներ և կավելանա մյուսների աշխատավարձը
Պետական համակարգի կրճատված աշխատակիցների տվյալները կգույքագրվեն սոցապ նախարարությունում: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Նա նկատեց, որ այդ աշխատակիցների հետ կապը պահելու են՝ հետագայում նրանց աշխատանքի տեղավորելու համար։
Նկատենք, որ մինչ այս, կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, թե կրճատվում են բացառապես նրանք, ովքեր մասնագիտական որակներով ավելի ցածր դիրքերում են։ Հաշվի առնելով այս հայտարարությունը՝ լրագրողները փորձեցին հասկանալ, թե այդ դեպքում արդյոք որևէ այլ կազմակերպություն կվերցնի՞ ցածր որակավորում ունեցող մարդկանց աշխատանքի և այդյոք պետությո՞ւնը կարող է մասնավորին ստիպել, որ նրանց աշխատանքի վերցնեն։
Էդուարդ Աղաջանյանը նկատեց, որ պետությունը չի պատրաստվում մասնավորին ստիպել։ Իսկ հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք պետությունը վերաորակավորել կրճատված աշխատողներին իրենց իսկ աշխատավաձերի հաշվին, որպեսզի նրանք կարողանան աշխատանքի ընդունվել, Աղաջանյանը բացասական պատասխան տվեց։
«Ո՛չ, պետությունը նրանց վերաորակավորման համար գումարներ չի ծախսի»,-ասաց նա։
Չնայած դրան, նա վստահեցնում է, որ ընդհանուր առմամբ գործազրկության հարցի ուղղությամբ ինտեսիվ աշխատում են, բայց կրճատված աշխատողների աշխատավարձի հաշվին կհրավիրվեն նոր՝ ավելի որակյալ մասնագետներ և կավելանան մյուսների աշխատավարձերը։
«Մենք այսօր խնդիր ունենք պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակների բարձրացման, պետական համակարգի աշխատավարձն ընդհանրապես պետք է մրցակցային լինի մասնավոր սեկտորի աշխատավարձերի հետ»,-ասաց նա։
Թե կոնկրետ որքան կավելանա աշխատավարձը՝ կառավարությունում հաշվարկներ չեն արել, սակայն Աղաջանյանի մոտավոր հաշվարկներ է արել և համեմատել՝ մասնավոր հատվածում աշխատավարձերը տասնապատիկ բարձր են։ Այնպես որ չի բացառվում, որ կառավարության աշխատակիցների աշխատավարձերը ևս կտրուկ բարձրանան։