Գարեգին Բ-ն այցելել է Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար. Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել
Փետրվարի 4-ին, Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Սիդնեյի Սուրբ Աստվածածին կաթոլիկ Մայր Տաճար: Այս տաճարում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Սուրբ Պատարագ է մատուցել Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` ներկայությամբ շուրջ 2000 հավատացյալների և հանդիսապետությամբ Սիդնեյի Կաթոլիկ թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Առաջնորդարանում Վեհափառ Հայրապետին ողջունել են Մայր Տաճարի լուսարարապետ Հայր Դոն Րիչըրդսոնը և օգնական եպիսկոպոս Րիչըրդ Ամբըրզը:
Կատարվել է շրջապտույտ, Հայոց Հայրապետին ներկայացվել է ազգային ժառանգություն նկատվող տաճարի երկհարյուրամյա պատմությունը:
Շրջապտույտի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք է բարձրացրել տաճարի մուտքին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին հայոց մեծ բարեկամ Բարձրաշնորհ Տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի ջանքերով և տեր և տիկին Ստեփան և Հիլդա Գրքաշարյանների նվիրատվությամբ զետեղված հայկական խաչքարի առջև` նվիրված Հայոց Ցեղասպանության հիշատակին:
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարցազրույց է տվել Սիդնեյի Կաթոլիկ առաջնորդարանի «Catholic Weekly» թերթին: Այնուհետև հայրապետական շքախմբի անդամների, թեմական և ծխական մարմինների անդամների և ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների ներկայությամբ տեղի է ունեցել նվերների փոխանակում: Լուսարարապետին ընծայվել է Սուրբ Էջմիածնի և Արարատի մանրանկար, իսկ օգնական եպիսկոպոսին` Սուրբ Ծննդյան պատկեր: