«Դրոշին թող լինի խաչ, եկեղեցի, մարզահամերգային համալիր ու մետրոյի նոր երեք կայարանները»․ սրա՞ն ինչ կասեք
Երեկ՝ փետրվարի 3-ին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով առաջարկել էր փոխել ոչ միայն Հայաստանի օրհներգը, այլև դրոշը։
Դրոշի հետ կապված՝ Սիմոնյանը նշել էր․ «Կարծում եմ՝ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք․․․»։
Իհարկե, կասկած չկա, որ թե՛ օրհներգի, թե՛ դրոշի ու դրոշի վրայի խաչի գաղափարն այս պահին, երբ երկրում ավելի գլոբալ հարցեր կան լուծելու, տեղին չեն։ Այնպիսի տպավորություն է, որ իշխող կառավարության ներկայացուցիչներն իրենց անհեթեթ առաջարկներով, ֆեյսբուքյան գրառումներով ու հայտարարություններով հասարակության ուշադրությունը փորձում են շեղել ավելի խորքային խնդիրներից։
Սիմոյանի հարցադրման տոնից էլ երևում է, որ խայծը գցված է․․․ շուտով կսկսվեն քննարկումներ ու մարդկանց կշեղեն այն առողջ քննադատություններից, որոնք ուղղված են, օրինակ, չվաստակած պարգևավճարներին, Ալիև-Փաշինյան «մտերմիկ» զրույցներին, եկեղեցու դեմ ուղղված արշավին ու էլի ավելի կարևոր ու առաջնային խնդիրների։
Սա ակտուալ չէ, այս խնդրին գուցե կարելի է անդրադառնալ, բայց միայն Սահմանադրությունը փոխելուց հետո։ Ի վերջո, Փաշինյանն իր ընդդիմախոս շրջանում որպես առաջնային խնդիր բարձրացնում էր հենց Սահմանադրությունը փոխելու հարցը։
Այնպես որ՝ եթե փոխել եք ուզում, փոխեք ոչ թե օրհներգը, այլ Սահմանադրությունը, փոխեք համակարգը, քանի որ անձին փոխելով՝ դեռ համակարգ չի փոխվել։ Ո՛չ թե դրոշին խաչ ավելացրեք, այլ մարդկանց կյանքի որակը բարելավեք։
Մի կողմից ուսումնական ծրագրերից ուզում եք հանել Հայ եկեղեցու պատմությունը, հոգևորականին արգելում եք դպրոց մտնել, իսկ մյուս կողմից էլ հայտարարում եք, թե խա՞չ եք ուզում տեսնել դրոշին․ ո՞ւմ աչքերին եք թոզ փչում․․․
Մի խոսքով՝ խաչի գաղափարն Ալեն Սիմոնյանին արդեն չի փրկի ու նրա անհեթեթ առաջարկին էլ մեծ վերլուծություն չենք «ձոնի»։ Պարզապես ներկայացնենք Սամվել Մարտիրոսյանի հեգնական արձագանքը, նրա գրառմանը․
«Դրոշի վրա պետք ա լինի խաչ, եկեղեցի, մարզահամերգային համալիրը ու մետրոյի նոր երեք կայարանները․․․»․ միայն այսքանը։
Ա․ Սահակյան