Արցախի պետախարարի շնորհավորանքը Բանակի օրվա առթիվ
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի օրը՝ գրելով.
«Հայոց բանակի պատվարժա՛ն անդամներ, Պաշտպանության բանակի զինվորներ, սպաներ, սիրելի՛ հայրենակիցներ
Պատիվ ունեմ շնորհավորելու բոլորիդ՝ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ։ Եթե մյուս ազգերի համար սա օրացուցային հերթական օր է, ապա հայերիս համար հունվարի 28-ն ազգային արժանապատվության վերահաստատման և մեզանում ուժի, զենքի ու հաղթանակի մշակույթի վերակերտման խորհուրդ ունի։
Հայոց բանակը ծնունդ է առել Արցախյան ազատամարտի ժամանակ՝ դառնալով մեր նորագույն պատմության ամենամեծ ձեռքբերումներից։ Իմ երախտիքն ու խոնարհումն եմ ցանկանում հայտնել այդ ճանապարհին իրենց նպաստը բերած բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Երջանիկ եմ համարում ինձ, որ Բանակի կազմավորման և հայրենյաց ազատամարտի հնոցում իմ համեստ տեղն եմ ունեցել և իմ բաժին դիրքն եմ պահել։
Այսօր բոլորիս տոնն է, քանզի եթե խաղաղ ժամանակ բանակն ու հայրենյաց պաշտպանը զինվորն ու սպան են, ապա պատերազմի վտանգի դեպքում բոլորս բանակ ենք ու բոլորս ենք դառնում հայրենյաց պաշտպան։ Դրանում մեկ անգամ ևս համոզվեցինք 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին։
Հիրավի, փա՛ռք ու պատի՛վ բանակաշինության գործում վաստակ ունեցող, առաջնագծի ամրացման ու պահպանման գործում դեր խաղացած մեր բոլոր զինծառայողներին։ Ձեզանից յուրաքանչյուրի վաստակը չափազանց կարևոր է մեր Հայրենիքի խաղաղ և լուսավոր ապագան կառուցելու գործում։
Կրկին շնորհավո՜ր տոնդ, Հայո՛ց բանակ, շնորհավո՜ր տոնդ, հայրենիքի՛ պաշտպան»։