Իսկ ո՞ւր մնաց դուխով տված խոստումը
Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակում է մնալ հասարակությանը մտահոգող թոփ թեմաներից մեկը:
Մինչ երեկվանից բոլորս անհանգիստ սպասում էինք, որ որևէ մեկը կլուսավորի մեզ և կտեղեկացնի, թե ինչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մեկ ժամ 30 րոպեի ընթացքում, այդ սպասման ֆոնին անգամ քննարկեցինք Փաշինյան-Ալիև հանդիպման կադրերն ու նեղսրտեցինք, որ մեր երկրի հպարտ վարչապետը Ալիևի կողքին այնքան էլ հպարտ չէր նստած, վրա հասավ Նիկոլ Փաշինյանի լայվի ժամը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով լուսավորեց մութ կետերն ու բացահայտեց, թե ինչ է խոսել Իլհամ Ալիևի հետ մեկ ժամ 30 րոպեի ընթացքում:
Պարզվում է՝ ոչինչ էլ չի խոսել:
«Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ընդամենը մտքեր ենք փոխանակել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային: Մենք ուղղակի այլ միջոցառման առիթն օգտագործեցինք: Այդպես ստացվեց, ես ուղղակի շատ կարևոր եմ համարում արձանագրել` այդպես ստացվեց: Դավոսի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, մեզ հարցրել են` արդյոք դեմ չենք հանդիպմանն ու շփմանը, մենք ասել ենք, որ ոչ և ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել, զրուցել ենք ու քննարկել: Այդ հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ ընդհանուր առմամբ, եթե նույն տեղում գտնվենք, առնվազն չխուսափենք որևէ շփումից»,-Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից մանրամասներ պատմեց Նիկոլ Փաշինյանը:
Փաստորեն, Արցախյան հարցն իջել, հասել է այն մակարդակի, որ կարելի է Ադրբեջանի նախագահի հետ ոչ պաշտոնական հանդիպումներ ունենալ և ձեռքի հետ էլ մեկ-երկու նախադասություն փոխանակել:
Փաստորե,ն Արցախյան հարցն այնքան ոչ էական է դարձել, որ Փաշինյանը սկսել է ձեռքի հետ, ոտքի վրա հանդիպել Ալիևին և մեկ-երկու կցկտուր նախադասություն փոխանակել:
Ինչ է, պետք է սպասենք, թե հաջորդ միջագային գագաթնաժողովը որտեղ է լինելու, որ Հայաստանի և Փաշինյանի նախագահները միջանցքում իրար տեսնելիս էլի մի քանի բառ փոխանակեն և վե՞րջ:
Իսկ ո՞ւր են Մինսկի խմբի համանախագահները, որտե՞ղ է բանակցությունների օրակարգը, որտե՞ղ է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ Փաշինյանի խոստումը, իսկ մի՞թե դավադրությունների տեսությունն իսկապես կա, որի մասին Փաշինյանը լռեց կամ որը Փաշինյանը շրջանցեց:
Իսկ մի՞թե այդ շրջանցումներն ու մանևրումները բանակցային գործընթացը տանում են փակուղի, ոչնչացնում նախկինում ձեռբերված պայմանավորվածությունները, իսկ գուցե Արցախի հարցն ավելի քան լրջություն ու սթափություն է պահանջում, ինչը չկար ո՛չ Դուշանբեի վերելակում, ո՛չ էլ Դավոսում:
NEWSPRESS.am