Նոր հակահրթիռային կայան՝ Ալյասկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ալյասկայում նոր հակահրթիռային համակարգ կտեղադրվի: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նախագահը Պենտագոնին է ներկայացրել երկրի նոր հակահրթիռային ծրագիրը, ըստ որի, Ամերիկան հնարավոր է պաշտպանել ցանկացած հրթիռային հարձակումից, անգամ՝ միջմայրցամաքային: Վերջին ինը տարում Միացյալ նահանգներն առաջին անգամ է փոխում իր հակահրթիռային պաշտպանության ծրագիրը:
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենն այս նորության առնչությամբ ասել է .«Ամերիկայի հակառակորդները՝ այդ թվում Չինաստանն ու Ռուսաստանը, օրեցօր նոր հրթիռներ են փորձարկում, որոնք գնալով կատարելագործվում են, այստեղից էլ պահանջ է առաջացել կատարելագործել հակահրթիռային պաշտպանությունը»:
Նա հայտարարել է նաև, որ հակահրթիռային պաշտպանական համակարգեր են նախատեսվում տեղադրել նաև տիեզերքում, ինչը շատ փորձագետների կարծիքով՝ անիրականալի է և ֆանտաստիկայի ժանրից: