Օրվա ադեկվատը
Արդեն չորս օր է՝ Ազգային ժողովում թեժ քննարկումներ են․ ընտրվում են ԱԺ 11 հանձնաժողովների նախագահները։
Ազգային ժողովի նիստը՝ առավոտյան ժամը 10-ից մինչև 18։00-ն, իսկ այսօր էլ՝ դրանից մեկ ժամ ավել՝ խորհրդականները ծախսում են հանձնաժողովի նախագահներին ներկայացնելու, նրանց հասցեին ձոներ հղելու, նրանց մասնագիտական բարձր կարողությունները թվարկելու ու էլի մի շարք լոլոների վրա, և այս ամենն՝ այն ժամանակ, երբ երկրում կան խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։
Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներին առաջադրել են ԱԺ խմբակցությունները, և, ըստ էության, սա որոշված և լուծված հարց է, և անիմաստ են դառնում այս երկարաշունչ ելույթներն ու ոչինչ չասող տեքստերը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իշխող մեծամասնության որոշ պատգամավորներ հանձնաժողովների նախագահների թեկնածուների համար հարցեր են կարդում իրենց թերթիկներից, որոնց ոչ բովանդակությունն են հասկանում, ոչ էլ իմաստը։ Այս ամենի իմաստը չի հասկանում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյանը։ Նա նստել և հաշվել է, թե քանի անիմաստ օր են կորցնելու պատգամավորներն այս անիմաստ զբաղմունքի վրա։
«Յուրաքանչյուր հանձնաժողովի ընտրության գործընթացը կարող է տևել 7 օր, մենք ընտրում ենք 15 մարդ՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ և ԱԺ ղեկավար կազմ, և այդ ընտրությունների վրա կծախսենք 105 օր, և դա այն դեպքում, երբ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը որոշված է, որովհետև խմբակցություններն այդ հարցն արդեն լուծել են»,-հայտարարեց Կարապետյանը։
Հետաքրքրական է, որ իրենց անիմաստ զբաղմունքի մասին բարձրաձայնումը ծիծաղեցրեց նաև պատգամավորներին․ Կարապետյանի հաշվարկների հրապարակումից հետո նրանք սկսեցին ծիծաղել և ծափ տալ։ Վարազդատ Կարապետյանը իրենց իսկ ելույթներից հոգնած պատգամավորներին հիշեցրեց, որ ժողովուրդը իրենցից պահանջում է արագություն, ինչի պակասն այս թիմն իսկապես ունի։
NEWSPRESS.am