Թող Անդրանիկ Մանուկյանի օգնական Աբովյանը պատմի հնդկահավերի ֆերմայի մասին․ Բաբաջանյան
Արման Բաբաջանյան-Արման Աբովյան բանավեճի մեջ սուբյեկտիվ տարր կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում իր տեսակետը հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական և ԼՀԿ-ական պատգամավորների վեճին։
«Դեսպաններից մեկի անունը, որը տվեց պարոն Բաբաջանյանը, հարազատ մարդիկ ուներ ԲՀԿ ֆրակցիայում։ Բայց կարծում եմ, որ մենք մեր անձնական մոտեցումները պետք է մի կողմ դնենք։ Սա քաղաքական հարթակ է, բոլոր ելույթները քաղաքական են, պարոն Բաբաջանյանը որևէ անձնական խնդիր չունի որևէ դեսպանի հետ։ Խոսքը գնում էր վարված և ապագայում վարվելիք արտաքին քաղաքականության մասին։ Եթե իրենք ասում են, որ դա սուտ է, այն ժամանակ կարող էին հերքել, իսկ ես հերքում չեմ տեսել, բայց հիշում եմ, որ հրապարակումներ եղել են»,- ասաց նա։
ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով էլ Արման Աբովյանի դրսևորած վարքագիծը հակադարձման շատ հին մեթոդ է և ծիծաղելի։
«Փաստերը, որոնք առկա են, ես ամբողջությամբ չեմ ներկայացրել: Ես պարզ հարցեր կարող եմ ուղղել: Անդրանիկ Մանուկյանը քանիցս նշել է, որ ինքը դիվանագետ չէ, բիզնեսմեն է: Թող Անդրանիկ Մանուկյանը կամ նրա օգնականը, որ երեք տարի նրա օգնականն է եղել (խոսքը Արման Աբովյանի մասին է-հեղ․), պատմի հնդկահավերի ֆերմայի մասին, որ մինչև հիմա Անդրանիկ Մանուկյանն ունի Ուկրաինայում: Այդ ձեռնարկատիրական գործունեությունը նա սկսել է այն ժամանակ, երբ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է եղել: Այլ օրինակներ էլ կարող եմ բերել, բայց իմ ելույթը նվիրված չի եղել Անդրանիկ Մանուկյանին, այլ այն խնդիրներին, որոնք պետք է բարձրացնենք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ես ուզում եմ, որ մինչև նշանակվելը դեսպանները անպայման հաշվետու լինեն ԱԺ հանձնաժողովի առջև՝ իրենց անելիքների մասին»,-եզրափակեց Բաբաջանյանը։