«Եթե Մանվել Գրիգորյանը չկալանավորվեց, կպարալիզացնենք ամբողջ Հայաստանը»․ ակցիան հետաձգվեց մինչև երկուշաբթի
Երեկվանից գեներալ Մանվել Գրիգորյանին անհապաղ կալանավորելու պահանջով մի խումբ էջմիածինցիներ փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։
Արդեն այսօր ակցիայի մասնակիցները պատկան մարմիններից պահանջել են ավելի կոնկրետ քայլեր։ Նրանք նաև պահանջել են հանդիպում իրենց պատգամավորի հետ։ Արձագանքելով քաղաքացիներին՝ նրանց մոտ է գնացել ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա փորձել է բողոքող քաղաքացիներին համոզել բացել ճանապարհը, սակայն վերջիններս չեն համաձայնվել։
Էջմիածինցիներն անկեղծ խոստովանում են՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալմամբ հանգիստ մթնոլորտ էր ստեղծվել Էջմիածնում, իսկ հիմա դարձյալ բոլորի մեջ անհանգստություն կա։
«Ես չեմ՝ դու ես, էլի բոլորիս մոտ վախ կա, բոլորիս կթալանի էդ 25 միլիոնը կտա, դուրս կգա։ Ձուկը գլխից բռնել եք՝ բռնեք, մի՛ բաց թողեք։ Ես պառկել եմ ասֆալտին, որ դու լինես իշխանություն, որ իմ հարցը լուծես»,- պատգամավորին դիմեց մի ցուցարար։
Նրան արձագանքելով՝ Հայկ Սարգսյանն ասաց․ «Ժողովուրդ ջան սա պայքարի ձև չէ։ Սրանով մենք Մանվելի դեմ չենք պայքարում, մենք սրանով մեր քաղաքացիներին, հարազատներին, բարեկամներին ենք խանգարում»։
Նա բողոքող քաղաքացիներին առաջարկեց քայլերթով գնալ Էջմիածնի հրապարակ և անտեղ հանգիստ քննարկել ստեղծված իրավիճակը, ինչին ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին։ Նրանք վստահ են՝ դատական համակարգը հին ռեժիմն է ղեկավարում, որից պետք է ժամ առաջ ազատվել։
Ակցիայի մասնակիցներին հանդիպեց նաև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ով նկատեց, որ սա ընդամենն ավելորդ լարվածություն է առաջացնում, ինչը ոչ մեկին ձեռք չի տալիս։
Ի վերջո, ակցիայի մասնակիցները համաձայնեցին օդանավակայանի ճանապարհը 16։30-ին բացել և հարցի լուծմանն սպասել մինչև երկուշաբթի։ Հակառակ դեպքում, նրանք ցույց կտան, թե որքան հզոր է Հայաստանը։
«Եթե Մանվել Գրիգորյանը չկալանավորվեց՝ մենք կպարալիզացնենք ամբողջ Հայաստանը»,-ասացին ցուցարարները։