Երբեք իրավապաշտպաններն այսպիսի վատ իրավիճակում չեն հայտնվել․ Գրիգորյանին գրավով ազատելն իրավաչափ է․ փաստաբան
«Գեներալ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է իրավաչափ որոշմամբ։ Դատարանը տեսավ, որ գրավով ազատ արձակումը իրավաչափ է և կայացրեց որոշում»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ խոստանալով հիմքերի մասին հետո խոսել։
Անդրադառնալով Գրիգորյանի առողջական վիճակին՝ նա նշեց, որ ներկայումս բուժումն ընդունում է տանը, անհրաժեշտության դեպքում՝ կլինի նաև հիվանդանոցում։
Փաստաբանը նկատեց, որ եթե դատախազությունը կներկայացնի մեկ փաստ, որով կապացուցի, որ Մանվել Գրիգորյանն ազատության մեջ գտնվելով կխոչընդոտի նախաքննական մարմնին, ապա իրենք պատրաստ են ներողություն խնդրել.
«Վարույթն իրականացնող մարմինն ասում է, որ ազատության մեջ գտնվելով՝ Մանվել Գրիգորյանը կգնա Արցախ։ Դժվարանում եմ ասել՝ ինչու են նման բան ասում, ենթադրում են, որ ասում են Արցախ, քանի որ Արցախը չունի իրավական կարգավիճակ և այնտեղ գնալով կթաքնվի Գրիգորյանը»,-ասաց փաստաբանը։
Նա հերքեց նաև տարածվող այն լուրերը, թե Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել, որպեսզի հարցաքննվի Մարտի 1-ի գործով․ «Իրականության հետ աղերս չունի, հերքում եմ, նման բան չկա»։
Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ կապված Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելուն, Լևոն Բաղդասարյաը նկատեց, որ երբեք իրավապաշտպաններն այսպիսի վատ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր։
«Այսօր իրավապաշտպաններին լռեցնելու համար կպնում են նրանց արժանապատվությանը, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն տալիս»։