Հաշվելու ենք
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ:
Այս հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, մանրամասն պատմել, թե գործունեության այս կարճ ժամանակահատվածում ինչպիսի ծրագրեր են իրականացվել և հիմնադրամներն ինչպիսի նպատակներ են հետապնդում ու ինչպիսի ծրագրեր են նախատեսում իրականացնել առաջիկայում:
Սա Աննա Հակոբյանի գրասենյակի հերթական տարածած հաղորդագրությունն է, որն ընթերցելիս ստեղծվում է տպավորություն, թե մի ամբողջ գրասենյակ ջանք ու եռանդ չի խնայում երկիրը ծաղկեցնելու համար, սակայն իրական պատկերը բոլորովին այլ է և որևէ աղերս չունի տարածված նույնաբովանդակ հաղորդագորւթյունների հետ:
Արդեն մի քանի օր Շվեյցարիայում վոյաժներ անող տիկին Աննան թե քանի գործարարի կկարողանա կապել Հայաստանի տնտեսության հետ, դեռ հարց է:
Հարց է նաև այն, թե տարածված հաղորդագրության քանի տոկոսն իրական միս ու արյուն կստանա և Աննա Հակոբյանի հետ նույն սեղանի շուրջ նստած և լուսանկարված գործարարների քանի տոկոսը կգերադասի փող դնել Հայաստանի տնտեսության մեջ՝ մի վայրում, որտեղ ամեն ինչ հեղհեղուկ է և գտնվում է գործից չհասկացողների ձեռքում:
Հանուն արդարության՝ նշենք, որ Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել այնպիսի գործարարների հետ, որոնք ներդրումներ ՀՀ-ում կատարել են անգամ այն ժամանակ, երբ Աննան շարքային լրագրող էր:
Ուստի, մենք ուշադիր հետևելու ենք Հակոբյանի գործունեությանը՝ հատ-հատ հաշվելով նրա ծախսածի և բերած օգուտի հարաբերակցությունը:
Անհամբեր կսպասենք շվեյցարահայ գործարարների՝ Հայաստանում բիզնես անելու գործողություններին, թե չէ՝ կվերահաստատվի այն, ինչի մասին բազմիցս գրել ենք՝ Կառավարությունն ամեն ինչ անում է ընդամենը սեփական PR–ն ապահովելու համար՝ դրա համար ծախսելով զգալի միջոցներ: