Մարուքյանի ղեկավարած կուսակցությունը չի կարող դասական ընդդիմություն լինել․ Լևոն Շիրինյան
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյասնը չի ցանկանում, իր իսկ խոսքով, «փչացնել հաղթած քաղաքական ուժի և քաղաքացիների տրամադրությունը», ուստի չի հետևողական չի լինի պարզելու, թե ինչպես է Ստեփանավանում կորել իրենց քվեաթերթիկներից 60-ը։
Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ միևնույնն է՝ այդ քվեաթեթիկներն արդյունքների վրա լուրջ ազդեցություն չէին կարող ունենալ։ Այժմ նա իրենց կուսակցությունը համարում է այլընտրանքային և վստահեցնում է, որ փողոցային ուժ չեն դառնա։
Ինչ վերաբերում է ձևավորված խորհրդարանական ուժերին, ապա Լևոն Շիրինյանը չի կարծում, թե այնտեղ կան ընդդիմադիրներ։
«Անհեթեթություն կլիներ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ընդդիմություն համարել, քանի որ ԼՀԿ-ն, ինչպես և «Քաղաքացիական պայմանագիրը», ազատական գաղափարախոսության կրող է»,- ասում է Շիրինյանը՝ հավելելով, որ ԱԺ-ում ԼՀԿ-ի ներկայությունը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը ստացել է ձայների մոտ 80 տոկոսը:
Նրա խոսքով՝ այս երկու կուսակցությունների ծրագրային նմանությունները թույլ չեն տալիս Մարուքյանի ղեկավարած քաղաքական ուժին համարել դասական ընդդիմություն։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ քանի որ ընտրությունների հիմնական թիրախը՝ Հանրապետական կուսակցությունը, այլևս ԱԺ-ում չէ, ուստի այլևս հնարավոր չէ էյֆորիայի կամ նախկին ռեժիմի քննադատության վրա քաղաքական գիծ կառուցել։
«Հայաստանին պետք է ռազմավարական տեղաշարժ, զարգացման ռազմավարական ուղղությունը պետք է փոխի և արդյունաբերական գիտական հասարակություն առաջացնի, եթե դա չի լինելու, Հայաստանը չի կարողանալու հաղթահարել ճգնաժամը»,-եզրափակեց Շիրինյանը։