Իշխող վարչախումբն ամեն ինչ անում է, որ ստվեր գցի ընտրությունների լեգիտիմության վրա․ Դավիթ Շահնազարյան
Թավշյա, անարյուն հեղափողությունը ոչ թե նոր իշխանության, այլ բացառապես նախկին իշխանության որոշումն էր։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Դավիթ Շահնազարյանը։
Ինչ վերաբերում է դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին, ապա, ըստ Շահնազարյանի, այն փափաթել են ժողովրդի վզին։ Շահնազարյանի որակմամբ՝ դա անձամբ Նիկոլ Փաշինյանի թույլ տված կոպիտ և վտանգավոր սխալն էր։
«Իշխող վարչախումբն ամեն ինչ անում է, որ ստվեր գցի ընտրությունների լեգիտիմության վրա, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում է գնում․․․ ընտրությունների արդյունքները չեն արտացոլի ներքաղաքական բաշխվածությունը։ Իրական վիճակը կարտացոլվի միայն 2-3 ամիս անց, երբ Փաշինյանի և նրա քաղաքական ուժի վարկանիշը կընկնի»,- ասաց Շահնազարյանը։
Նկատենք, որ նախկինում Փաշինյանի հետ բարիկադի մի կողմում գտնվող ընդդիմադիր Շահնազարյանն այսօր դարձել է Փաշինյանի խիստ ընդդիմախոսներից մեկը։ Ասում է՝ ՀՀԿ-ի շարքերն է համալրել, քանի որ այս պահին իշխանության միակ իրական ընդդիմադիրը ՀՀԿ-ն է։ Նա Փաշինյանի կողմից սխալ է համարում նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ազատ արձակելը․ վերջիններս կուսակցություն են ստեղծել և փորձում են մտնել ԱԺ։
«Անհնար էր մտածել ավելի մեծ վիրավորանք այն ոստիկանների ընտանիքների համար, որոնց վրա կրակել էին խմբի անդամները: Ոստիկանությունը երբեք չի եղել այդքան թույլ և նվաստացած, այսօրվա ոստիկանապետն առնվազն պետք է այդ մասին մտածի, մտածի իշխանության կողմից թուլացած պետականություն մասին»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։