Ճիշտ տղեն
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ երկրում ծավալվել է առնետավազքի բուռն գործընթաց․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը համալրել են փորձում բոլորը՝ անկախ իրենց ճամբարից, գաղափարախոսությունից ու էլի մի շարք կարևոր հատկանիշներից։
Արդեն իսկ այդ շարքերում են հայտնվել «Ժառանգություն» կուսակցության դեմքով հայտնի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծնունդ Հայկ Կոնջորյանը, քաղաքականությունից կիլոմետրերով հեռու դերասաններ և այլք։
Այս ամբողջ գաղջի մեջ այսօր կրկին վեհացավ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն, ով, ի տարբերություն այս օրերին կմկմացող որոշ նախարարների, վստահաբար հայտարարեց․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին չեմ մասնակցելու։ Հաշվի առնելով այն, որ Զինված ուժերը պետք է բոլոր քաղաքական գործընթացներից դուրս լինեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարի՝ որևէ կուսակցության մեջ ներգրավվելն այնքան էլ ճիշտ չէ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տոնոյանը և հավելեց, որ որևէ կուսակցության նախընտրական ցուցակով չի առաջադրելու իր թեկնածությունը
Ի տարբերություն Սեյրան Օհանյանի, ով ակտիվորեն մասնակցել էր ՀՀԿ-ի քարոզարշավին, պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանը չի պատրաստվում օրվա իշխանության քարոզարշավին մասնակցել։
Տոնոյանն իր այս պատասխանով կրկին ապացուցեց, որ կոչված է աշխատանքի, բարձր պատրաստակամությամբ կատարում է իրեն վստահված գործը` առանց այդ մասին լայվեր մտնելու, գոռալու, իր անելիքների վերաբերյալ անոնսներ անելու և ոմանց հաթաթա տալու՝ ինչպես ընդունված է նոր Կառավարության համար։
Հատկանշական է, որ Դավիթ Տոնոյանն այսպես է խոսում այն ժամանակ, երբ շուրջբոլորը պաշտոն ստանալու ակնկալիքով իրենց հավատարմությունն են հայտնում Փաշինյանին ու իր թիմակիցներին, ահել-ջահել խոնարհվում են նրանց առաջ՝ հայտնելով իրենց անմնացորդ նվիրումը։