Արեցիր մի բան, ինչը պարզապես սիրուն չէր, Հունա՛ն…
ՀՀ նախկին ոստիկանապետի երկարամյա առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այս տարվա մայիսին, քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, հրաժարականի դիմում ներկայացրեց՝ իր սիրելի հայրենակիցներին հորդորելով ենթատեքստեր չփնտրել իր հրաժարականի ուղերձում ասված խոսքերի մեջ:
«Եղել են, անշուշտ, նաև վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ: Ժամանակների և մարդկանց հերթափոխությունն էլ հենց անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, և կյանքն ու գործը շարունակվի»,,-գրել էր Պողոսյանն իր հրաժարականի ուղերձում:
Վերջինիս հեռացումը միակը չէր ոստիկանական համակարգից, բայց ակնհայտներից էր, ուստի դարձավ ամենաքննադատվածներից մեկը:
Հետաքրքրական է, որ Հունան Պողոսյան մարդ տեսակի և պետական ծառայողի վերաբերյալ քննադատություններ գրեթե չկային, որովհետև ակնհայտ էր, որ խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ, իրեն վստահված ոլորտի գիտակ, կազմակերպչական բացառիկ հատկությունների տեր մարդու մասին, ինչի շնորհիվ էլ Հունան Պողոսյանն ունի այդ համակարգում բարձր վարկանիշ և հեղինակություն:
Քննադատության հիմնական թիրախը Պողոսյանի ոստիկանական գործունեությունն էր՝ դրանից բխող հետևանքներով, որոնցից ամենաշատը հիշատակվում է Շանթ Հարությունյանի հետ կատարվածը:
Ու թեև Պողոսյանն իր հրաժարականի ուղերձում ասել էր մի պարզ ճշմարտության՝ ժամանակների և մարդկանց հերթափոխության մասին, և շատերին թվացել էր, որ նա իր քաղաքական թիմի հետ հեռանում է՝ հերթափոխը հանձնելով նորեկներին, սակայն օրերս ականատես եղանք անսպասելիին՝ Պողոսյանը նշանակվեց մարզպետ:
Ու որքան էլ մեդիան գրեց և քննադատեց Պողոսյանի շրջադարձը, նա էլ կոռեկտությամբ պատասխանեց ցանկացած քննադատության՝ հիմնավորելով մարզպետ աշխատելու իր որոշումը նոր Հայաստանին ծառայելու պատրաստակամությամբ, սակայն երեկ կատարվեց մի բան, ինչը պարզապես սիրուն չէր:
Հասարակությունը Հունան Պողոսյանից կսպասեր ամեն ինչ, բայց՝ ոչ դըմփ-դըմփ հո՛ւ, որովհետև ուղնուծուծով ոստիկանին դա պարզապես սա չի սազում:
NEWSPRESS.am-ի հիմնադիր՝
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան