«Տեսե՛ք, չի պատասխանում». Աննա Հակոբյանը հեռախոսահամարը տվել է օգնություն հայցող կնոջն ու զանգերին չի պատասխանում (տեսանյութ)
Ծննդով վանաձորցի Անահիտ Ղազարյանը կանգնել է խնդրի առաջ։ Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր 29-ամյա դուստը՝ Աննա Զալկինան, դեռ մանուկ հասակում վնասվածք է ստացել ծոծրակի շրջանում, ինչի հետևանքով կորցրել է առողջությունը։
«4 տարեկան էր, երբ բժիշկներն ախտորոշեցին հիվանդությունը։ Ամուսինս թողեց մեզ ու հեռացավ։ Նա հրեա է։ Ասեց՝ գնամ Իսրայել ու ձեզ էլ կկանչեմ, որ գաք, երեխուն բուժենք, բայց գնաց ու էն գնալն էր»,- ասում է հուսահատ կինը։
Վերջերս բժիշկներն ասել են, որ աղջկա առողջական վիճակը հնարավոր է 30 տարեկանից հետո սրվի։ Կնոջը հայտնել են նաև, որ եթե բժշկական միջամտություն չցուցաբերեն՝ աղջիկը կարող է մահանալ։
Նա խնդրով դիմել է պատկան մարմիններին, բայց ոչ ոքի կողմից աջակցություն չի ստացել։ Այդ իսկ պատճառով ցանկանում է մեկնել Իսրայել, որտեղ հույս ունի, որ կցուցաբերեն համապատասխան բժշկական օգնություն։ Ասում է՝ այս հարցով պատգամավոր Էդմոն Մարուքյանին էլ է դիմել։ Վերջինս, 10 այլ պատգամավորի ստորագրությամբ, խնդիրը ներկայացրել է Իսրայելի դեսպանատուն, սակայն այդ դիմումն այդպես էլ անարձագանք է մնացել։
Վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի միջնորդությամբ, աղջկան ընդունել են հատուկ դիսպանսերում, որտեղ նա համապատասխան մասնագիտական բուժօգնություն չի ստանում։
«Աննա Հակոբյանն իր հեռախոսահամարն էլ է տվել, որ եթե հարց լինի զանգեմ, բայց այդ օրից ինչքան զանգել եմ, չի պատասխանել»,- ասում է կինը։
Նա ևս մեկ անգամ հավաքում է համարը ու համոզվում. «Տեսե'ք, չի պատասխանում»։
Մանրամասները՝ մեր տեսանյութում