Չնայած իմ բոլոր քննադատություններին, հիմա ասում եմ՝ Շարմազանո՛վ, Դուք ՏՂԱ եք
Քաղաքական այս ամբողջ փոփոխությունները հրաշալի հնարավորություն տվեցին հասկանալու, թե ովքեր են մեզ շրջապատող աշխարհում։
Հերիք էր Սերժ Սարգսյանը հրաժարական տար՝ դրան հաջորդեց թիմի առնետավազքը. ցայտնոտի մեջ հայտնվեցին մարդիկ, որոնց թուրը Սերժ Սարգսյանի հովանու ներքո աջ ու ձախ կտրում էր։
Այսօր միայն մի բան կարող եմ ասել՝ հալա՛լ է Շարմազանովին, ով ճամբարափոխ չեղավ, ավելին՝ պնդում է իր գաղափարները և պատրաստ է հանուն դրանց պայքարել
Հիմա ասում եմ՝ Շարմազանո՛վ, Դուք ՏՂԱ եք, ով իր խոսքի տերն է, իր գաղափարների տերն է ու ում թանկ գնով էլ հնարավոր չէ առնել։
Ես չեմ քննարկում՝ ճ՞իշտ, թե՞ սխալ էր Շարմազանովը: Ինքս բազմիցս սուր քննադատության եմ ենթարկել նրան, քանի որ իր քաղաքական թիմը մեր ժողովրդին այս օրին հասցրեց, նրանց սխալն էր նաև այն, որ ստեղծվեց մի վիճակ, որ թեկուզ խրտվիլակ դուրս գար փողոց՝ մարդիկ կգնային նրա հետևից, քանի որ փոփոխություն էին ուզում։
Չնայած այս ամենին, չեմ կարող չասել, որ իր տեսակով Շարմազանովը բացահայտում է. նա կայուն քաղաքական գործիչ է, ով չի ճոճվում քամիներից, իսկ այս ամենը քամիներ են, որոնք վաղ թե ուշ՝ անցնել-գնալու են։
Վերջին շրջանում այնքան «հավատարիմներ» ուրացան իրենց անցյալն ու խոսքերը, որ ուղղակի զարմանք ես ապրում՝ ինչպե՞ս կարող է մարդն այդ աստիճան ծախու արարած լինել։ Հիմա էլ Փաշինյանն ու Միրզոյանն ասում են, թե հնարավոր է՝ ՀՀԿ-ից կադրեր իրենցով անեն: Ինչպե՞ս կարող է մի մարդը երկու տարբեր բևեռներում անելիք ունենալ:
Զարմանում եմ: Թեև, մարդիկ ասում են՝ իմ զարմանալու վրա են սկսել զարմանալ։
NEWSPRESS.am-ի հիմնադիր՝
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան