Վանաձորի նախկին քաղաքապետի քրոջ տան դուռը ջարդել են․ Սամվել Դարբինյանը պարզաբանում է
Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրը, թե իր քրոջ՝ Սուսան Դարբինյանի տնից խոշոր չափի գումար ու թանկարժեք իրեր են գողացել։ Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հիմա Երևանում է՝ հիվանդանոցում, և չի կարողանում զբաղվել այդ խնդրով, բայց տունը ո՛չ թե թալանել են, այլ տան դուռն են կոտրել։
«Դուռը ջարդել են, ընդհանրապես ոչ մի բան չեն տարել»,- ասաց Դարբինյանը։
Դիտարկմանը, թե խոսվում է թալանի մասին, Դարբինյանը նկատեց․ «Ամենքն իրենց խելքի կտրածն ասում են, ես ի՞նչ գիտեմ՝ ինչի են ասում տենց»,- ասաց նա։
Հարցին, թե այդ դեպքում՝ ո՞րն էր դուռը ջարդողների նպատակը, եթե ոչինչ չեն գողացել, գուցե թշնամինե՞ր ունեն, նախկին քաղաքապետը պատասխանեց, որ ոչ մի թշնամի չունեն։
«Պարզապես մտածել են, որ ամեն ինչ կլինի, մտել են, տեսել, որ տանելու բան չկա, թողել-գնացել են: Դրանք գողեր են․ նկարահանումը կա (տան մոտ տեսախցիկներ են դրված -հեղ․)։ Նկարները մենք տվել ենք ոստիկանություն, արդեն իրենց գործն է բացահայտելը»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ իրենք կասկածներ չունեն, թե ով կարող է լինել։
Նկատենք, որ Սուսաննա Դարբինյանը Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենն է, իսկ նրա ամուսինը՝ Տիգրան Պապանյանը, Վանաձորի քաղաքապետարանի նախկին ճարտարապետն է: