Հայաստանում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ․ Գևորգ Կոստանյան
Մեզ համար առաջնահերթ է սահմանադրական և ազգային անվտանգությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԿ պատգամավոր, ԱԺ-ում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների ապօրինի գաղտնալսման հետաքննության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը։
Կոստանյանը նկատել է, որ բացի ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ուսումնասիրությունից, կուսումնասիրվեն նաև նախկինում արված այլ գաղտնալսումներ, քանի որ, ըստ նրա, Հայաստանում որևէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ։
Նա չբացառեց, որ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետը, դատավորը, որի մասին խոսվում էր գաղտնալսված հեռախոսազրույցում, ևս հնարավոր է մասնակցեն ուսումնասիրության աշխատանքին։
«Տրամաբանական է, որ նշյալ անձինք ինչ–որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին։ Ցանկացած սուբյեկտ, կապ չունի՝ ում մասին է խոսքը, կարող է ներկա լինել»,- ասաց Կոստանյանը։