80–90 %-անոց Ազգային ժողո՞վ եք ուզում, որ ընդդիմություն էլ չունենա․ Ալիկ Սարգսյանն ԱԺ-ն ցրելու անհրաժեշտություն չի տեսնում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Նա սխալ է համարում էմոցիաներից ելնելով, իրավիճակներ գնահատելով և ձայներ բաշխելով՝ հայտարարել, որ ԱԺ-ն խանգարում է երկրի բնականոն ընթացքին։
«Ես չեմ տեսնում մի քայլ, որ այսօր անում է ԱԺ-ն, որ ձախողի երկրում ինչ-որ բան։ Այդպիսի տենդենց չեմ տեսնում։ Բոլոր հարցերը քննարկում ենք, նորմալ օբյեկտիվ ներկայացնում ենք»,- նկատեց Ալիկ Սարգսյանը։
Դիտարկմանը, թե հանրությունն է պահանջում փոփոխություններ խորհրդարանում, Սարգսյանն ասաց. «Ի՞նչ է պահանջում հանրությունն, ու ովքեր կարող են հայտնվել խորհրդարանում․ 80-90 տոկոսանոց Ազգային ժողո՞վ եք ուզում, որ ընդդիմություն էլ չունենա։ Այսինքն՝ մենք պետք է արհեստական ընդդիմադիր ուժեր ստեղծե՞նք, որ 30% ապահովենք։ Ինչ-որ դրածո մարդիկ, ովքեր հանդես կգան որպես ընդդիմություն, ԱԺ–ում նստեն մի անկյունում, դա՞ եք ուզում։ Հիմա ընդդիմություն էլ կա, իշխանություն էլ կա, նորմալ աշխատում ենք, ինչո՞վ ենք խանգարում»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա Սարգսյանը նշեց, որ քննադատական որևէ բան չունի։