Աշխատե՞լ է, թե՞ փողերը մսխել. հասարակությունը հաշվետվություն է պահանջում
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը երկարատև շրջագայության է մեկնել սփյուռք:
Դամասկոս, Հալեպ, Լիբանան Կահիրե. նախարարական պատվիրակությունը շրջել է այս ու այլ քաղաքաներով, հանդիպել տեղի հայ համայնքների ներկայացուցիչների, հոգևորականների, ինչպես նաև տարբեր պաշտոնյաների հետ:
Սփյուռքի նախարար դառնալուց հետո սա Հայրապետյանի, կարծես թե, առաջին լուրջ քննությունն է, որն, ի դեպ, նաև ինքն է գիտակցում՝ շատ ակտիվորեն գնացած տեղերի մասին գրառումներ կատարելով ֆեյսբուքյան իր էջում:
Մխիթար Հայրապետյանը նաև ակտիվորեն հրապարակում է լուսանկարներ՝ ներկայացնելով հաշվետվություն թե՛ սփյուռքին, թե՛ ՀՀ-ին:
Նախարար նշանակվելուց հետո Սիրիա այցի ֆոնին PR-վող երիտասարդ նախարարի համար գուցե բավարար լինի մի քանի նախադասությամբ պետական բյուջեի հաշվին կատարած շրջագայության մասին հասարակությանն իրազեկելն ու սիրած գործը՝ լուսանկարվելը ամեն պատեհ և անպատեհ առիթի դպքում, բայց ՀՀ այն քաղաքացիները, որոնք լցնում են այդ պետական բյուջեն՝ նախարարից վերադարձից անմիջապես հետո պահանջելու են ֆինանսական հաշվետվություն՝ հասկանալու համար՝ ուր են գնում իրենց գրպանից պետական բյուջե, բյուջեից էլ՝ Սփյուռքի նախարարություն հասած գումարները:
Ֆինանսական հաշվետվությունը, սակայն, բավարար չէ. հասարակությունը նախարարից պահանջելու է նաև ունեցած հանդիպումների՝ դե յուրե ամրագրում այս կան այն ձևաչափով համագործակցության և ծրագրերի իրականացման տեսքով:
Հակառակ պարագայում՝ նախարար ընտրվելուց չորս ամիս անց՝ կստացվի այնպես, ինչպես կառավարության կազմում ընդգրկված շատ նախարարների մոտ է. խոսքն այդպես էլ գործ չեն դարձրել՝ պարալիզացնելով իրենց վստահված ոլորտները:
Իսկ Մխիթար Հայրապետյանի պարագայում՝ կստացվի Հրանուշ Հակոբյանից ստացած ժառանգության իրացում ընդամենը՝ թեկուզ՝ ռեբրենդինգի տեսքով: Եվ ուրիշ ոչինչ: