Զովքում խմելու ջրի խնդիրը 17 տարի է՝ չի լուծվում. գյուղացիներն այլևս չեն դիմանում. գյուղապետարանն էլ անհրաժեշտ գումարը չունի
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղում արդեն 17 տարի է՝ կա խմելու ջրի խնդիրը, սակայն հարցը մինչ օրս էլ լուծում չի ստացել: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին տեղաբնակները:
Զովք գյուղի բնակիչները, ովքեր արդեն երկար ժամանակ բնակվում են այդ գյուղում, անհամբերությամբ են սպասում, թե երբ են կանոնավոր կերպով խմելու ջուր ունենալու:
«Հուսանք՝ մի օր մենք էլ կբացենք ծորակը և այդտեղից կհոսի ջուրը»,- ասում են նրանք:
Գյուղապետարանից բնակիչներին անընդհատ ասում են, որ գործն ընթացքի մեջ է. «Բազմաթիվ անգամներ ենք դիմել, սակայն ոչ մի օգուտ: Ասում են՝ կքննարկեն: Արդեն 17 տարի է՝ քննարկում են»,- նշում են հուսահատ բնակիչները:
Նրանցից մեկն էլ նկատեց, որ ջուրը պարզապես գնում է որոշակի գումարով. «Ես արդեն երկար ժամանակ է՝ այստեղ եմ ապրում, սակայն դեռ ջուր չունեմ: Շաբաթը մեկ անգամ գումար եմ տալիս, ջուր են բերում, լցնում եմ տարաների մեջ և այդպես օգտագործում: Տաք եղանակին մեկ-մեկ տալիս են ոռոգման համար նախատեսված ջուր: Փորձում եմ գոնե այդպես լուծել խնդիրներս: Ես, սակայն, չեմ կարողանում հասկանալ, թե ինչքան կարելի է այսպես շարունակել»,- ասաց գյուղի բնակիչը:
Խնդրի վերաբերյալ NEWSPRESS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ հենց Զովք գյուղի վարչական ղեկավար Նորիկ Գևորգյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել են մարզպետարան, որպեսզի այնտեղից գումար հատկացնեն. «Կա հստակ ծրագիր այդ գործընթացի համար: Գործն ընթացքի մեջ է, այժմ հաշվարկներ են կատարվում: Շուտով այդ հարցը լուծում կստանա, բոլորին էլ կապահովենք ջրով»,- խոստացավ նա:
Գևորգյանը նշեց նաև, որ խնդրի լուծման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, և եթե անգամ պետությունն այդ գումարը չհատկացնի, իրենք կփորձեն իրենց միջոցներով լուծել այդ խնդիրը: