Երևանի ավագանու ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ը և «Հանրապետություն»-ը կմասնակցեն «Լույս» դաշինքով
«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով: Դաշինքի անունը կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին Մատենադարանի բակում:
Դաշինքի ընտրական ցուցակը կղեկավարի Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարը կլինի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, իսկ երրորդը՝ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը: Սպասեք մեզ կարգախոսներով»,- ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ՀՀ արդարադատության նախարար, Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի խոսքով՝ իրենք Երևանն արդար կառավարելու հայտ են ներկայացնում: «Դաշինքն անվանել ենք«Լույս», որովհետև մենք ուզում ենք լույս բերել: Բազմաթիվ անվանումներ են քննարկվել: Կարծում եմ, որ սա ամենանպաստավորն է. արտահայտում է մեր տրամադրվածության բովանդակությունը: Ակնկալում ենք, որ ընտրության արդյունքները վստահություն են ներշնչելու»,- նշեց նա ու հավելեց՝ երևանցիները հավատալու են, որ դա իրենց ընտրությունն է: