«Սասնա ծռեր» անվանմամբ քաղաքական կուսակցություն կստեղծվի
«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խմբավորումը կստեղծեն «Սասնա ծռեր» անվանմամբ քաղաքական կուսակցություն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում կուսակցությունը կնախապատրաստվի նաև ԱԺ ընտրություններին։
««Սասնա ծռեր» անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայության համախմբել, «Սասնա ծռեր» էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող, նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ: Ըստ այդմ՝ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել, և գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա հայկական պետությունը»,- ասաց Ավետիսյանը:
Նա նշեց, որ կուսակցության «Սասնա ծռեր» անվանումը որևէ կերպով պայմանավորված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ։
«Այդ երկուսը վերը նշված նույն արժեքային գաղափարական արմատի ծնունդ են՝ մեկը որպես գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու ճարահատյալ դրսևորում, իսկ մյուսը որպես կառուցողական գործունեություն: Այս է պատճառը, որ «Սասնա ծռեր» խմբավորումն ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո, ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում հայտարարեց զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին: Իսկ խմբավորման բոլոր անդամների ազատ արձակումից հետո ընդհանրապես լուծարվելու է»,- ընդգծեց Ավետիսյանը: