Ցուցարարների ջանքերով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց․ ակտիվիստները այժմ դատախազության շենքի դիմաց են
Այն ժամանակ, երբ «Էրեբունի-Պլազա» հյուրանոցում պետք է մեկնարկեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, ներխուժեց երիտասարդ ակտիվիստների մի խումբ և տապալեց ասուլիսը։
Ակտիվիստները չէին կարողանում հանդարտվել, նրանք անընդմեջ գոռում էին ու վանկարկում «Ռո-բերտ մար-դա-սպան․․․»։ Երիտասարդները տեսնելով, որ Ռոբերտ Քոչարյանը այդտեղ չէ՝ հեռացան։
Ակտիվիստներից Կարեն Թովմասյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանելով իրենց ակցիան, նկատեց, որ իրենց նպատակն էր տապալել ասուլիսը, ինչը հաջողվեց։
Լրագրողների դիտարկմանը, թե այդ ցանկությունը պատկանում էր մի խումբ ակտիվիստների, իսկ մյուսները սպասում էին ասուլիսին ու ցանկանում էին լսել Ռոբերտ Քոչարյանին, ակտիվիստը պատասխանեց, որ իրենք չեն ցանկանում, որ Քոչարյանը ասուլիս տա, կամ խոսի։
Հարցին, թե չե՞ք կարծում արդյոք, որ սա ժողովրդավարական երկրին հարիր պահվածք չէ, ու նաև այս կերպ խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը, ովքեր պետք է իրենց հարցերն ուղղեին Քոչարյանին՝ ակտիվիստը պատասխանեց, թե այդ հարցերը նրանք Քոչարյանին հետո կարող են տալ։ Միևնույն ժամանակ նա սպառնաց, թե մշտապես խոչընդոտելու են ասուլիսները․․․
Հարցին, թե ինչի՞ հասաք ձեր ակցիայով․ Կարեն Թովմասյանը պատասխանեց․
«Ուղղակի ասուլիս չեղավ․․․»։
Ցուցարարները որոշեցին քայլել դեպի Գլխավոր դատախազության շենք և պահանջել ցմահ դատապարտել Ռոբերտ Քոչարյանին։