«Նովիչոկ»-ից մահացածի դագաղը ձեռքերի վրա չեն տեղափոխի, այլ այն նախօրոք կտեղադրվի հուղարկավորության վայրում
Մեծ Բրիտանիայում «նովիչոկ» կոչվող նյարդային համակարգը պարալիզացնող նյութից մահացած Դոն Ստերջեսի հուղարկավորության արարողության ժամանակ անվտանգության հատուկ նորմեր կկիրառվեն:
Հուղարկավորությունն անցկացնող քահանա Ֆիլիպ Բրոմիլին ասել է, որ առողջապահության նախարարությունից նախազգուշացրել են հնարավոր վտանգների մասին. մասնավորապես մահացածի դագաղը ձեռքերի վրա չեն տեղափոխի, այլ այն նախօրոք կտեղադրվի հուղարկավորության վայրում:
Այս հատուկ միջոցառումները կիրառվում են՝ հաշվի առնելով «նովիչոկ»-ի խիստ վտանգավոր լինելու փաստը:
Հիշեցնենք, որ 44-ամյա Դոն Ստերջեսը թունավորվել էր «նովիչոկից», երբ թունավոր նյութով սրվակը գտել էր փողոցում՝ կարծելով, թե դա օծանելիք է:
Նրա հետ եղել էր նաև նրա ընկերը, ով տևական ժամանակ հիվանդանոցում մնալուց հետո այս ամսվա սկզբում դուրս էր գրվել հիվանդանոցից: