«Ազերիները քանդում-հանում էին Ղազանչեցոցի հիմնաքարերը»․ Ո՞վ ու ինչպե՞ս վերանորոգեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին (բացառիկ լուսանկարներ)
NEWSPRESS.am-ն արդեն հրապարակել է բացառիկ լուսանկարներ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց, որում պատկերված է, թե ինչպիսի՞ տեսք ուներ տաճարը 1980-ականների կեսերին։ Հատկանշական է, որ քչերին է հայտնի, որ Ղազանչեցոցի վերանորոգման գործում իր մեծ ու անգնահատելի ավանդն ունի Կարեն Դեմիրճյանը։
NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի թանգարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Ղամբարյանը պատմեց, թե իրականում ի՞նչ կապ ուներ Ղազանչեցոցի հետ Կարեն Դեմիրճյանն ու ինչպե՞ս եղավ, որ ժողովրդի սիրելի առաջնորդը որոշեց վերակառուցել տաճարը։
«Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանցիներն ավերել էին 1980-ականներին, և այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը անմիջապես իր մոտ է կանչում Երևանի քաղաքային սովետի նախագահ Մուրադ Մուրադյանին և Սաբիր Ստեփանյանին, հանձնարարում է, որ անմիջապես շինգրուպա կազմեն վերանորոգելու համար։ Մի քանի հազար տոննա ցեմենտ են տանում, ամրացնում են, վերանորոգում։ 1985-ից սկսել են և ավարտել 1987-ին։ Վերականգնողական աշխատանքները ղեկավարել է վարպետ Վոլոդյան Բաբայանը, ով Կարեն Դեմիրճյանի ծննդյան 55-րդ ամյակին ուղղված շնորհավորանքում նշում է, որ Ղազանչեցոցի վերանորոգումը նվիրում է Դեմիրճյանի ծննդյան 55-րդ ամյակին»։
Վարպետ Վոլոդյա Բաբայանի նամակը պահվում է Կարեն Դեմիրճյանի թանգարանում։
Ղազանչեցոցի վերակառուցման մասին հիշողություն կա նաև Հայագիտակ հրատարակչության տպագրած (2000 թվական) «Կարեն Դեմիրճյան» գրքում, որտեղ Զորի Բալայանն իր հուշերում գրում է․
«Հին հուշարձանների պահպանության մասին» ԽՍՀՄ օրենքի հրապարակումից անմիջապես հետո ես ու Գեորգի Թաթայանն այցելեցինք Դեմիրճյանին։ Պատմեցինք, որ Շուշիում, բոլորի աչքի առաջ, ավերվում է Ղազանչեցոց հազվագյուտ տաճարը, որ ազերիները բառացիորեն քանդում-հանում են շինության հիմքի անկյունաքարերը։ Դեմիրճյանն այն ժամանակվա քաղաքապետ Մուրադ Մուրադյանին հրամայեց՝ վերականգնողների բրիգադի կազմել և «Հուշարձանների պահպանության օրենքի» ներքո սկսել Ղազանչեցոց տաճարի վերականգնումը։ Միայն տաճարի հիմքի ամրացման վրա մի քանի տասնյակ տոննա բետոն ծախվեց։ Այդպիսով փրկվեց վեհապանծ տաճարը, որին շուտով վիճակված էր դառնալու Արցախի հաղթանակի խորհրդանիշը»։
Ընդգծենք նաև, որ Արցախյան պատերազմի ժամանակ Ղազանչեցոցում էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից։
Ղազանչեցոց եկեղեցին վերանորոգվել է հենց այս գործիքներով, որոնք պահվում են Կարեն Դեմիրճյանի թանգարանում
Լուսանկարները NEWSPRESS.am-ին տրամադրել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը