Բեռնաթափեք ՔԿՀ-ները, համաներում հայտարարեք․ Զոհրաբյանը դիմում է կառավարությանը
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում Կառավարության անդամներին գնալ ՔԿՀ-ներ և տեսնել, թե ինչպես են գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկները։
Նա ԱԺ արտահերթ նիստում, իր ելույթի ժամանակ նկատեց նաև, որ կալանավորներ կան, ովքեր ունեն այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանավայրերի պայմանների հետ:
«Համաներում, անպայման, պետք է հայտարարվի, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց վտանգավորության աստիճանը հանրության համար կորցրել է։ Բեռնաթափեք ՔԿՀ-ները, հայտարարում եք, թե գնում ենք այլ ճանապարհով, բայց վերջին շրջանում կատեգորիկ չի քննարկվում այս հարցը։ Չի քննարկվում նաև վաղաժամկետ ազատ արձակելու հարցը»,-ասաց Զոհրաբյանը։
Նա վերջերս է Արմավիրի ՔԿՀ-ում եղել։ Պատմում է, որ այնտեղ կալանավորվածներից մեկն արդեն 8 տարի է՝ պատիժ է կրում և հիմա կորցրել է առողջությունն ու կուրանում է։ Ազատմանը մի քանի ամիս է մնացել, ու վաղաժամկետ չեն ազատում։ Նաիրա Զոհրաբյանը դիմեց կառավարությանն այս հարցը քննարկելու և լուծելու համար։