«Սա կեղտոտ ասեկոսե է»․ Նաիրա Դավթյանը պարզաբանում է իր մասին շրջանառվող լուրերը
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե իբր Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ (Աբրիկ) Բաբայանի անսպասելի մահվանը «խթանել» է այդ ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Ըստ նույն լուրերի՝ պատճառը ոստիկանության աշխատակից, «մայոր» Նաիրա Դավթյանն է, ում աղբյուրը որակում է որպես Ալիկ Սարգսյանի սիրուհի, և ում իբրև իր սիրային առաջարկությունն է արել նաև Աբրահամ Բաբայանը։
Նաև շրջանառվում է այն մասին, թե ինչպես է Ալիկ Սարգսյանը պատմել բոլորին, որ քաղաքապետ Աբրիկը փորձել է փախցնել իր սիրուհուն, ինչն էլ իբրև թե «արագացրել» է Աբրահամ Բաբայանի մահը։
Մամուլում հնչեցված մեղադրանքների պարզաբանման նպատակով NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Նաիրա Դավթյանի հետ, ով, ի դեպ, ո՛չ թե մայոր է, ինչպես նշված է հրապարակման մեջ, այլ կապիտան։ Վերջինս նշեց, որ չգիտի՝ ինչի մասին է խոսքը, քանի որ ծանոթ չէ հրապարակմանը։ Նա խնդրեց զանգահարել քիչ ուշ, երբ արդեն կհասցնի ծանոթանալ դրան։
Իսկ երբ քիչ անց զանգահարեցինք Նաիրա Դավթյանին, նա նշեց, որ ինքն առաջին հերթին խիստ ցավ է ապրում, քանի որ մահացած մարդու հիշատակն են փորձել անարգել։ Ապա նա իր տարակուսանքը հայտնեց այն կայքի գործունեության վերաբերյալ, որը հրապարակել է նյութը։
«Ես ակտիվ հետևում եմ լրահոսին և անկեղծ զարմացած եմ, որ նման կայք կա և որը նման անհասկանալի ու անհիմն նյութ է հրապարակել․․․ Ինձ ճանաչողը նման նյութ չէր հրապարակի, իսկ չճանաչողը միայն կարող էր շահադիտական նկատառումներով նման բան գրել»,- ասում է Նաիրա Դավթյանը՝ հավելելով, որ սա կեղտոտ ասեկոսե է։
Նա ինքը նախկին լրագրող է և բարձր է գնահատում լրագրողի ու նրա կատարած աշխատանքի դերը պետականաշինության գործում, սակայն ցավ ու ամոթ է զգում այն կայքերի գոյության համար, որոնք լրատվական հարթակն օգտագործում են կեղտոտ ասեկոսեները տարածելու նպատակով։ Նաիրա Դավթյանը հորդորում ու նաև կոչ է անում նման նկատառումներով չորրորդ իշխանությունը չօգտագործել։
Նա նաև անդրադարձավ Ալիկ Սարգսյանին Աբրահամ Բաբայանի մահվան մեջ մեղադրելու մասին լուրերին։
«Ես վստահ եմ, որ իրավապահ մարմիններն ընթացք կտան և կպարզեն հրապարակման մեջ եղած հանգամանքները, ինչպես նաև նման մեղադրանքներ հնչեցնելու իրական շարժառիթները։ Բնականաբար, ես ինքս անձամբ պատրաստ եմ լիարժեքորեն աջակցել քննությանը»,- ընդգծեց Նաիրա Դավթյանը՝ հավելելով, որ ավելին չի կարող ասել և լրացուցիչ տեղեկությունների համար կարող ենք դիմել ոստիկանության լրատվական ծառայություն։
NEWSPRESS.am-ը թեմայի շուրջ զրուցել է նաև Նաիրա Դավթյանին ճանաչողների հետ, ովքեր անկեղծ զարմացած են նման հրապարակման առնչությամբ։ Մեզ զրուցակիցները նկատեցին, որ Նաիրա Դավթյանն այն մարդն է, ով իր անձնական փորձով, գործունեությամբ ու հայրենասիրությամբ կարող է օրինակ ծառայել շատերին։ Եվ ընդհանրապես, նրա մասին միայն դրական կարծիքներ էին հնչում։
«Ում մասին ասես, կարող էինք մտածել, որ նման անհեթեթ նյութ կհրապարակվի, բայց ոչ Նաիրայի։ Հասկանո՞ւմ եք, ախր ես Նաիրային վաղուց եմ ճանաչում ու կարելի է ասել՝ նրա ամեն քայլն իմ աչքի առաջ է․․․ նա իսկապես պարկեշտ կին է, և երբեք նրա պահվածքը ոչ ոքի թույլ չի տվել ավելորդ գնահատականներ հնչեցնել իր հասցեին․․․ հազիվ թե գտնվի մեկը, որ հակառակը կասի․ չգիտեմ էլ ինչ ասեմ, այդ արատավոր հրապարակման մասին․․․»,- ասաց ոստիկանության մեր աղբյուրը: