ԱՄՆ-ում ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է Յուրի Վարդանյանը
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում առողջական լրջագույն խնդիրներով հոսպիտալացվել է 1970-80 թվականների խորհրդային և հայ մեծանուն ծանրորդ Յուրի Վարդանյանը:
Մոսկվա 80-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդակիր Յուրի Վարդանյանը բազմիցս է իր նվաճումներով բարձր պահել Հայաստանի հեղինակությունը տարբեր մասշտաբների մրցույթներում, ծավալել է ակտիվ հասարակական, քաղաքական գործունեություն, եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Մեծանուն մարզիկին առողջություն ենք մաղթում` հույս ունենալով, որ հիվանդության ծանր բեռը հեշտությամբ կհաղթահարի:
Յուրի Վարդանյանը 1975-1976 թթ. նվաճել է աշխարհի երիտասարդների առաջնության կրկնակի հաղթողի կոչումը:1980 թ. Մոսկվայի օլիմպիական խաղերում 2-3 ժամվա ընթացքում սահմանելով 5 համաշխարհային ռեկորդ և հրում վարժությունում ցույց տալով 222.5 կգ ֆանտաստիկ արդյունք, նվաճեց օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Նա հայաստանցի միակ ծանրորդն է, որ հինգ անգամ (1977, 1978, 1980, 1981 և 1983) նվաճել է Եվրոպայի և յոթ անգամ (1977-1981 թթ., 1983 թ., 1985 թ.) աշխարհի չեմպիոնի կոչումը: 1976-1984 թթ. Յու. Վարդանյանը սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, հռչակվել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն: Նա արժանացել է 111 ոսկե պարգևների, երեք անգամ մեկ օրում սահմանելով աշխարհի 5-ական ռեկորդ: ԽՍՀՄ սպորտի վարպետ (1974), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980):