Վարորդները կարմիր գծերի դեմ ակտիվ պայքար կմղեն. հուլիսի 1-ից կարմիր գծերի համար չեն վճարի
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը կոչ է անում հուլիսի 1-ից չվճարել կարմիր գծերի համար:
Նա լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց, որ եթե քաղաքապետարանը շարունակի նույն ոճով աշխատել, խնդրով շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին կբողոքարկեն:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պնդում ենք, որ կարմիր գծերը պետք է լինեն այն վայրերում, որտեղ քաղաքապետարանն առանձնացված հատվածներ կտրամադրի, դրանց վրա ծախս կանի, և բարոյական իրավունքն արդեն կունենա՝ այդ կայանատեղիների համար գանձումներ իրականացնելու»,- ասաց նա:
Փաստաբանն անօրինական է համարում կարմիր գծերի համար սահմանված տուգանքները:
«Սկսած արձանագրության կազմումից, վերջացրած սեփականատիրոջը տուգանելուց՝ ապօրինի է, քանի որ օրենքով նախատեսված է, որ տուգանվում է հենց անմիջապես իրավախախտը՝ վարորդը, այլ ո՛չ թե մեքենայի սեփականատերը։ Տուգանում են մեքենայի սեփականատիրոջը ու չեն էլ պարզում, թե ով է վարորդը»,- նկատում է փաստաբանը՝ հավելելով, որ կարմիր գծերի մասով ակտիվ պայքար կմղեն: