Լուսաշողի համայնքապետի ուսանողուհի պաշտոնակատարը մարտական է տրամադրված. «Արմենպրես»
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հունիսի 27-ին Լուսաշող համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել: Սեփական դիմումի համաձայն պաշտոնից հրաժարված համայնքի նախկին ղեկավարին փոխարինել է Նարինե Գալստյանը: Նարինեն դեռևս 2016թ.-ից է սկսել համայնքի խնդիրները բարձրաձայնելու ու դրանց լուծում տալու ուղղությամբ քայլեր ձեռնարկել ու նրա խոսքով` իրադարձությունների այսպիսի զարգացումն իր համար լավագույն հնարավորությունն էր:
«Քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո որոշեցինք ավելի հստակ անդրադառնալ առկա խնդիրներին: Սկսեցինք դիտարկել մեր համայնքի բյուջեն, ավագանու նիստերում կայացրած որոշումները, ու համայնքի ղեկավարը, իսկապես սթափ գիտակցելով իրավիճակի լրջությունը, որոշեց սեփական դիմումի համաձայն հրաժարական տալ: Քանի որ նախաձեռնողների կազմում մենք էինք, առաջարկվեց ինձ՝ ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի դերը, ու համաձայնեցի»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասում է Նարինե Գալստյանը:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելն, այնուամենայնիվ, պարտավորեցնում է երիտասարդ աղջկան, սակայն հայրենի գյուղի խնդիրները լուծելու հնարավորությունն ու պատրաստակամությունը ավելի շատ ուժ ու եռանդ են տալիս:
«Հատկապես գյուղի պայմաններում ինքնակառավարման մարմնի ղեկավար լինելը շատ ավելի նուրբ հարց է, քան, օրինակ, դա կլիներ քաղաքում, բայց կա ցանկություն ու ոգևորվածություն` լուծելու մեր ունեցած խնդիրները»,- նշում է համայնքի ղեկավարը:
Նարինե Գալստյանը ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնելուց առաջ արդեն առանձնացրել էր Լուսաշողում առկա այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, բայց դրանց հետ մեկտեղ պատրաստվում է լսել նաև համագյուղացիների կարծիքը:
«Բնակիչների հետ հանդիպում-քննարկում կունենանք. միգուցե, նրանք էլ բարձրացնեն այնպիսի խնդիրներ, որոնք մենք չենք դիտարկել, բայց առաջնային են բուժաշխատողի և հանրային տրանսպորտի բացակայության, մշակույթի տան վերանորոգման ու գազաֆիկացման կամ այլընտրանքային համակարգի ստեղծման խնդիրները»,- ասում է Նարինե Գալստյանը:
25-ամյա գյուղապետը ուսանողուհի է: Սովորում է Չեխիայի Զլին քաղաքի Թոմաս Բաթայի համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսում` մարքեթինգ և կառավարում մասնագիտությամբ: Այս շրջանում ուսումնառությունն ու աշխատանքը իրար չեն խանգարում:
«Քանի որ ժամանակավոր պաշտոնակատար եմ, իսկ դասերս սկսվելու են սեպտեմբերի վերջում, պատրաստ եմ զոհել այդ 20 օրը` լինել այստեղ, իսկ հետո մեկնել ու շարունակել ուսումս»,- ասում է ուսանողուհին:
Նարինեն պատրաստ է նաև հրաժարվել օրենքով իրեն հասանելիք ծառայողական ավտոմեքենայից ու աճուրդի հանել այն: Կատակում է, թե մեքենան իրեն պետք չէ, որովհետև երիտասարդ գյուղապետին սեփական մեքենայով տնից աշխատանքի և աշխատանքից տուն է տանում հայրը:
«Գյուղապետարանն ուներ հին մեքենա, բայց մեր նախկին գյուղապետը նորն էր գնել ու հինը դրել աճուրդի: Հիմա պատրաստվում ենք նոր մեքենան դնել աճուրդի, քանի որ այն շատ մեծ գումարով է գնվել և, եթե այդ գումարը հետ վերադարձվի համայնքի բյուջե, մեզ համար շատ մեծ քայլ կլինի»,- ասում է Լուսաշող համայնքի ղեկավարը:
Նարինե Գալստյանի խոսքով` ինքն անկուսակցական է ու երբեք որևէ կուսակցության չի անդամակցել:
Նորայր Շողիկյան