Ադրբեջանը 20 հազար զինծառայողի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացնի
Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն բանակի տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ զորքերի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Զորավարժություններին կներգրավվի մինչև 20 հազար զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահապատ տեխնիկա, ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, տարբեր նշանակության մինչև 30 միավոր ավիացիա:
Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնելու են տարբեր գործողությունների իրականացմանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ հրթիռային, հրետանային, բարձր ճշգրտությամբ համակարգերի, ավիացիայի և անօդաչու սարքերի կողմից հարվածներ իրականացնելուն, ինչպես նաև, ինչպես նշվել է հաղորդագրությունում, «տարածքներ ազատագրելու նպատակով» լայնամասշտաբ հարձակողական գործողությանն առնչվող առաջադրանքներ:
Զորավարժությունների ժամանակ ենթադրվում է միավորումների և զորամասերի միջև փոխգործակցության, զորքերի և զենքերի կառավարման, ինչպես նաև տարբեր դիվերսիոն գործողությունների կանխման ուղղությամբ աշխատանքներ: